«Փուչիկների գործ»-ով դատապարտյալի առողջական վիճակը կտրուկ վատացել է
«Փուչիկների գործ»-ով մեկ տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի առողջական վիճակը նախօրեին կտրուկ վատացել է, և նրա կինը անմիջապես շտապօգնություն է կանչել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Բոզոյանի պաշտպան, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Կարեն Մանուչարյանը:
«Կինը զանգեց ինձ և ասաց, որ Սերոբ Բոզոյանի մոտ ակտիվ արյունահոսություն է եղել և իրենք շտապօգնություն են կանչել», -մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը` միևնույն ժամանակ նշելով, որ դատարանի որոշումից հետո Բոզոյանը չի ցանկանում որևէ մեկի հետ շփվել:
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Սերոբ Բոզոյանը ճանաչվել էր մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով: Իսկ կենցաղում ու զանգվածային միջոցառումների ընթացքում օգտագործվող սպառման ապրանքների թողարկման և իրացման գործունեությամբ զբաղվելու ու նման ծառայությունների մատուցման իրավունքից զրկվել էր 2 տարի ժամկետով: Սերոբ Բոզոյանը քաղցկեղով հիվանդ է եղել և վիրահատվել է ու ընդունել քիմիոթերապիայի կուրս:
Սերոբ Բոզոյանի խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, կփոխվի, երբ դատարանի վճիռը մտնի օրինական ուժի մեջ, այսինքն` հրապարակումից մեկ ամիս հետո: Այդ ժամկետը ավարտվելու է նոյեմբերի 17-ին:
Մեր հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք պաշտպանը բողոքարկել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, Մանուչարյանը պատասխանեց, որ իր պաշտպանյալը դեռ չի որոշել: «Ես պատրաստ եմ, եթե ինքը որոշեց, անպայման կբողոքարկենք», -ասաց փաստաբանը:
Հարակից լուրեր. «Փուչիկների գործ». Սերոբ Բոզոյանը դատապարտվեց 1 տարի ազատազրկման
Հնարավոր չէ, որ ՀՀԿ-ն նախապես զգուշացված լիներ մեթանով փուչիկների վտանգավորության մասին. Կարեն Ավագյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում