Դ. Ջամալյան. Ադրբեջանական քարոզչամեքենան զբաղված է թվերի աճպարարությամբ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը համեմատելով Հայաստանի և Ադրբեջանի պետական բյուջեում ռազմական ոլորտին հատկացվող գումարների չափը հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն 4.3 անգամ գերազանցում է Հայաստանի կողմից ռազմական ոլորտին հատկացվող գումարներին:
Այս և մի շարք հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ:
Դ. Ջամալյանը համոզմունք հայտնեց, որ ադրբեջանական քարոզչության ստրատեգները մեր և Ադրբեջանի ռազմական բյուջեների պարզ համեմատության արդյունքը մատուցում են իբրև մեր հանդեպ ունեցած ռազմական գերազանցության ապացույց:
Ըստ փորձագետի՝ այն ինչով զբաղված է ադրբեջանական քարոզչությունը կարելի է բնորոշել որպես աճպարարություն թվերի հետ:
«Եվ իսկապես. տվյալ դեպքում գործ ունենք պարզունակ քարոզչական հնարքի հետ, որն իրենից ներկայացնում է հանրային գիտակցության մանիպուլյացիայի դասական օրինակ: Ընդ որում հարկ է նշել նաև, որ այն նախատեսված է թե՛ ներքին, և թե՛ հայկական լսարանների համար:
Մանրամասնենք:
«4.3 անգամ ավելի մեծ ռազմական բյուջե». ասվածը հնչեղ է, մատչելի՝ ընկալման համար, և իսկապես կարող է տպավորություն գործել խնդրին անտեղյակ մարդկանց վրա: Առաջին հայացքից կարելի է կարծել, թե ռազմական ոլորտին հատկացված ողջ գումարը ծախսվելու է միմիայն հնարավոր պատերազմում Հայաստանի հանդեպ հաղթանակն ապահովելու նպատակով»,- նշեց բանախոսը:
Նրա խոսքերով, այստեղ ընթերցողի մոտ կարող է ծագել միանգամայն տրամաբանական հարց. եթե ողջ վերը նշվածը լոկ քարոզչություն է, ապա ո՞րն է իրականությունը:
«Փորձենք պատասխանել այդ հարցին: Այո՛, իսկապես Ադրբեջանը մեծ գումարներ է հատկացնում ռազմական ոլորտին: Բայց արդյո՞ք այդ վիթխարի ռազմական ծախսերը հանգեցրել են որակական ձեռքբերումների: Պատասխանն ակնհայտ է. ո՛չ չեն հանգեցրել: Ասվածը հիմնավորող բազմաթիվ փաստարկներից այստեղ կնշենք ընդամենը երեքը:
1. Նախևառաջ հարկ է նշել, որ Ադրբեջանի ռազմական բյուջեի միջոցները բաշխվում են ըստ ոլորտների և չեն կարող ծախսվել միմիայն Հայաստանի հանդեպ ռազմական գերազանցություն ձեռք բերելու նպատակով: Մասնավորապես Բաքվում ստիպված են ռազմական բյուջեից զգալի միջոցներ հատկացնել ռազմածովային նավատորմի կարիքների համար:
2.Առավել քան ակնհայտ է, որ Ադրբեջանի ուռճացված ռազմական բյուջեն «փող լվալու» հարմար միջոց է ալիևյան կլանի համար: Ավելին. ադրբեջանական բանակում տիրող կոռուպցիայի համատարած բնույթից դատելով կարելի է վստահաբար ասել, որ բյուջետային միջոցների զգալի մասը յուրացվում է ամենատարբեր աստիճանի պաշտոնյաների կողմից:
3.Եվ թերևս ամենակարևորը: Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի շնորհիվ հայկական կողմը ձեռք է բերում ժամանակակից սպառազինություն մատչելի գներով: Արդյունքում Ադրբեջանի ուռճացված ռազմական բյուջեից բխող վտանգն ըստ էության չեզոքացվում է:
Այսպիսով` ի մի բերելով ողջ վերը նշվածը հանգում ենք հետևյալ եզրահանգման. Այո՛ պաշտոնական Բաքուն ահռելի միջոցներ է հատկացնում ռազմական ոլորտին, այո՛ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և անկասկած կանցնի խոսքից գործի, եթե իսկապես ձեռք բերի մեր հանդեպ շեշտակի ռազմական գերազանցություն: Այդպիսին սակայն թշնամին մեր հանդեպ չունի»,- նշեց Դ. Ջամալյանը:
«Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում վերջերս անցկացված մարտավարական զորավարժություններից հետո մեր երկրի նախագահը հայտարարեց, որ Հայաստանի Զինված Ուժերի համալրումը ժամանակակից սպառազինությամբ լինելու է շարունակական: Իսկ դա նշանակում է, որ թշնամին առաջիկայում նույնպես չի կարող մեր հանդեպ ձեռք բերել ռազմական գերազանցություն»,- եզրափակեց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա