Տարասով. ԼՂ հարցում ադրբեջանական դիվանագիտությանը դժվար ժամանակաշրջան է սպասվում
«Ռեգնում» լրատվական գործակալությունը տպագրել է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի` «Բաքվում ո՞ւմ համար է սկսել ղողանջել ղարաբաղյան զանգը» հոդվածը:
««Ղարաբաղյան գործընթացում ամեն ինչ անփոփոխ է»,-մոտավոր այս կերպ է հնչում մի շարք հրապարակումների վերնագրեր, որոնք նվիրված են նախկին խորհրդային միության ամենահին միջէթնիկ հակամարտությանը: Փարիզում հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ` Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Փորձագետների կողմից արված մի շարք գնահատականներ հոռետեսական էին. կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել բանակցային գործընթացը, սակայն «նախկինի պես բանակցային գործընթացում հստակություն չկա»:
Մեր տեսանկյունից, նման իրավիճակում ամենաինտրիգային գործոնը երկու պետությունների ԱԳ նախարարների հանդիպման վայրն է` Ֆրանսիայի մայրաքաղաք: Ղարաբաղյան գործընթացում նման` «փակուղային իրավիճակը»` դա «կովկասյան փոթորիկը» հանգստացնելու փորձն է»,-նշված է հոդվածում:
«Ներկա պահին ղարաբաղյան գործընթացի նախաձեռնությունը անցել է Ֆրանսիայի ձեռքը, որը փորձում է խնդիրը լուծել մի կողմից` Թուրքիա-Հայաստան, մյուս կողմից` Հայաստան-Ադրբեջան ուղղությամբ:
Առաջին դեպքում, դա հայտնի Ցյուրիխյան արձանագրությունները վավերացնել է, որը կբերի հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը և սահմանի բացմանը:
Երկրորդ դեպքում, խոսքը վերաբերվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր կնքելուն: Ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակը անկայուն է և կողմերը յուրաքանչյուր պահի կարող են զինված հակամարտության մեջ մտել»,-գրում է Տարասովը:
«Ներկա պահին Ադրբեջանի դիվանագիտական և ռազմավարական մարտավարությունը Ղարաբաղյան հարցում արդեն հնացած է թվում: Այսպիսով՝ ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանի դիվանագիտությանը դժվար ժամանակաշրջան է սպասվում. խոսքը նոր մոտեցումներ ընտրելու ուղղությունների մասին է:
Ադրբեջանա-թուրքական տանդեմը անկում է ապրում, քանի որ Թուրքիան բարդ և խորը ճգնաժամի մեջ է, որը ստիպում է Ադրբեջանին «հեռավորություն պահպանել»:
Ավելին, Թբիլիսիում տարածքների կորստի համար «քավության նոխազ է» դարձել Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին: Իսկ Բաքվում ո՞վ է պատասխանատու Ստեփանակերտի հետ բանակցություններ վարելու հնավորությունը կորցնելու հարցում:
Ավստրալիական ամենամեծ նահանգի` Հարվային Ուելսի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը և այն լուրերը, որ Ուրուգվայը նույնպես պատրաստվում է նման կերպ վարվել, կարող են դառնալ «ղարաբաղյան զանգի» դեռ առաջին հարվածները»,-նշված է հոդվածում: