Ադրբեջանցի պաշտոնյաները թույլ չեն տվել ԱՄՆ դեսպանին այցելել Ջուղա
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել: Նա նշել է, որ նշանակվելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, եկել է այդ երկիր և ծանոթացել երկրի մշակույթի ու պատմության հետ: Ասել է, որ այցելել է Նախիջևան, Լենքորան, Շեկի, Ուղուզ, Գուբու ևն: Այդ այցելությունները, ըստ հայտարարության, հնարավորություն են տվել մոտիկից ծանոթանալ երկրի մշակութային բազմազան ժառանգության հետ, փոխանցում է «Contact.az»-ը:
Ըստ դեսպանի, տարածաշրջանը բարդ պատմություն ունի, և ղարաբաղյան հակամարտությունը պատճառ է դարձել, որ հազարավոր մարդիկ մահանան: «Լինելով Նախիջևանում, ես պաշտոնատար անձանց հետ քննարկել եմ Ջուղայում հայկական հնագույն գերեզմանների ոչնչացման փաստը: Ցավում եմ, որ պաշտոնյաները անհնար են համարել այնտեղ իմ այցելությունը`պատճառաբանելով, իմ անվտանգության ապահովման խնդիրը», -ասված է ամերիկացի դեսպանի հայտարարության մեջ:
Նրա հայտարարության համաձայն, հակամարտության արդյունքում մեծաքանակ հուշարձաններ են ոչնչացվել, և մշակութային ժառանգության պահպանումը տարածաշրջանում կարևոր է ապագայի համար:
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին և Ադրբեջանին երկու երկրներին վերաբերող պատմական արխիվները պահպանելու ուղղությամբ, հայտարարել է դեսպանը և տեղեկացրել, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում են գտնվելու Հայաստանի և Ադրբեջանի արխիվների ներկայացուցիչները: Համատեղ ծրագրի շրջանակներում նրանք կվերապատրաստվեն և կընդարձակեն իրենց գիտելիքները փաստաթղթերի պահպանության հարցում: