Նոբելյան մրցանակակիրները դասախոսություններ են կարդացել Հայաստանի գիտական հանրության համար
Նախօրեին Մատենադարանի նորակառույց մասնաշենքի դահլիճում տեղի է ունեցել «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ հրավերով ՀՀ-ում գտնվող Նոբելյան մրցանակակիրներ Թիմ Հանթի /Մեծ Բրիտանիա/ և Մարտին Չալֆիի /ԱՄՆ/ հանրային դասախոսությունները «Քաղցկեղի հիմնախնդիրը» և «Կանաչ ֆլոուրեսցենտային սպիտակուց` լուսավորելով կյանքը» թեմաներով, հայտնում են դասախոսությունների կազմակերպիչ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի մամուլի ծառայությունից: Միջոցառմանը աջակցել են նաև ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Թուֆենկյան» հյուրանոցների ցանցը և Մատենադարանը:
Աշխարհահռչակ գիտնականները ներկայացրել են գիտության վերջին նվաճումները կենսաբանության բնագավառում: Դասախոսություններին ներկա են եղել գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների շուրջ 200 գիտաշխատողներ, երիտասարդ գիտնականներ և ուսանողներ: Դասախոսությունների ավարտին մասնակիցները հնարավորություն են ստացել քննարկել իրենց հուզող հարցերը Նոբելյան մրցանակակիրների հետ:
Ըստ աղբյուրի, նույն օրը երեկոյան, ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի աջակցությամբ, տեղի է ունեցել կլոր սեղան քննարկում Նոբելյան մրցանակակիրների հետ` «Ինչպես դառնալ հաջողակ գիտնական» թեմայով: Միջոցառմանը մասնակցել են երիտասարդ գիտնականներ և ուսանողներ տարբեր գիտական հիմնարկներից: Նոբելյան մրցանակակիրները իրենց օգտակար խորհուրդներն են տվել երիտասարդ գիտնականներին թե ինչպես դիմել միջազգային դրամաշնորհների և ուսումնական ծրագրերի, կիսվել փորձով և ներկայացրել գիտահետազոտական գործունեության ընթացքում առաջ եկած խոչնդոտների հաղթահարման իրենց բանաձևը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա