Ֆրանսիական «Carrefour» ցանցի հիպերմարկետ շուտով կլինի նաև Երևանում
Արաբական «Մաջիդ ալ Ֆուտտեյմ» (Majid Al Futtaim) ընկերությունը Երևանի «Դալմա» առևտրային համալիրում նախատեսում է բացել աշխարհի մի շարք երկրներում գործող ցանցի՝ «Carrefour» հիպերմարկետներից մեկը: Այդ մասին հարցը քննարկվել է աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և «Մաջիդ ալ Ֆուտտեյմ» (Majid Al Futtaim) ընկերության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
ՏԿՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հայաստանյան շուկայով հետաքրքրված Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խոշոր ընկերությունների ներկայացուցիչների, մասնավորապես, «Մաջիդ ալ Ֆուտտեյմ» (Majid Al Futtaim) ընկերության ղեկավարների հետ քննարկվել են ընկերության կողմից Հայաստանում իրականացվող նախագծերի հետ կապված հարցեր: Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են Հայաստանում գործունեությունն ընդլայնելու իրենց մտադրությունների, հեռանկարային ծրագրերի մասին:
Նրանք մասնավորապես նշել են, որ առաջիկայում Երևանի «Դալմա» առևտրային համալիրում նախատեսում են բացել աշխարհի մի շարք երկրներում գործող ցանցի՝ «Carrefour» հիպերմարկետներից մեկը: Ընկերությունը ներկայումս բանակցություններ է վարում նաև Երևանի Ավան թաղամասում արաբ սեփականատերից հողատարածք ձեռք բերելու ուղղությամբ`կառուցապատման խոշոր ծրագիր իրականացնելու և ևս մեկ հիպերմարկետ բացելու համար: Տեղեկացվել է, որ մինչև տարեվերջ ծրագիրը կներկայացվի ընկերության տնօրենների խորհրդի հաստատմանը: Ծրագրի ներդրումային արժեքը կազմելու է մոտ 150 մլն դոլար:
Փոխվարչապետը ողջունելի է համարել նրանց նախաձեռնությունները` նշելով, որ Հայաստանում առկա են ներդրումային լայն հնարավորություններ, և Հայաստանի իշխանությունները խրախուսում են տարբեր ոլորտներում միջազգային խոշոր կազմակերպությունների ներկայությունն ու գործունեությունը: Փոխվարչապետը ողջունելի համարեց «Carrefour»-ի մուտքը Հայաստան` նկատելով, որ աշխարհում հայտնի խոշոր ցանցը ոչ միայն նոր որակի ծառայություններ է մատուցելու Հայաստանում, այլև հնարավորություն է ստեղծվելու հայկական գյուղատնտեսական և վերամշակող արտադրանքը իրացնել աշխարհում` ցանցի հիպերմարկետների միջոցով:
«Մաջիդ ալ Ֆուտտեյմ»-ը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում բազմաֆունկցիոնալ առևտրային համալիրների, ժամանցային կենտրոնների շահագործման ոլորտում մասնագիտացած առաջատար ընկերություն է: Ընկերությունը տարածաշրջանում համարվում է ֆրանսիական «Carrefour» հիպերմարկետների ցանցի արտոնագրային գործընկերը: