«Տեսություն և կիրառություն. անջրպետի հաղթահարում». Երևանում Թարգմանիչների և հրատարակիչների 6-րդ միջազգային համաժողովն է
ՀՀ մշակույթի նախարարության և ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ նոյեմբերի 5-8-ը Երևանում ընթանում է Թարգմանիչների և հրատարակիչների 6-րդ միջազգային համաժողովը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից, այս տարի այն ընթանում է «Տեսություն և կիրառություն. անջրպետի հաղթահարում» խորագրի ներքո:
Ըստ աղբյուրի՝ եռօրյա համաժողովի շրջանակում կանցկացվի «Հեղինակային իրավունքի ձեռքբերում ու պաշտպանություն» թեմայով միջազգային սեմինար` Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի և «Նեքսթ փեյջ» հիմնադրամի համագործակցությամբ` մասնագիտական քննարկումների առանցքում պահելով հեղինակային իրավունքի հետ կապված և այսօր ամբողջ աշխարհում արդիական բոլոր հարցերը: Սեմինարին, Հրատարակիչների միջազգային ասոցացիայի աջակցությամբ կմասնակցեն հայտնի փորձագետներ` Անտյե Սորենսենը և Ռիչարդ Բալկվիլը, ովքեր կներկայացնեն հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության և ձեռքբերման գործում արդի հիմնախնդիրները: Հայաստանյան փորձագետները կքննարկեն մեր երկրում առկա իրավիճակն այս բնագավառում` խնդիրներն ու մարտահրավերները: Այնուհետև, քննարկում կծավալվի անհրաժեշտ օրենսդրական և գործնական փոփոխությունների շուրջ:
Երևանյան համաժողովի օրակարգը հագեցած է կլոր սեղաններով, թարգմանական գրականության ու նոր հրատարակությունների շնորհանդեսներով, հայտնի թարգմանիչների ու հրատարակիչների դասախոսություններով, վարպետության դասերով, գրական ընթերցումներով: Մասնավորապես, ԵՊՀ, ԵՊՀԼ և Սլավոնական համալսարանում տեղի կունենան բանաստեղծ և էսսեիստ Իգոր Սիդի /Ուկրաինա/, արձակագիր Մարգարիտա Խեմլինի /ՌԴ/, բանաստեղծ և թարգմանիչ Սերգեյ Մորեյնոյի /Լատվիա/ դասախոսություններն ու վարպետության դասերը, հեղինակային ընթերցումներով հանդես կգան Էդուարդ Հարենցը /ՀՀ/, Եվգենի Չիգրինը /ՌԴ/, Անահիտ Թադևոսյանը /ՀՀ/ և Շոթա Իատաշվիլին /Վրաստան/:
Համաժողովի աշխատանքային խմբերը կանցկացնեն երեք կլոր սեղաններ` «Թարգմանական արվեստի ուսուցման ժամանակակից մեթոդները», «Անհայտ» գրականություններ. թարգմանական ու հրատարակչական փորձը», «Փոքր լեզուների» թարգմանության դժվարությունները» խորագրերով: Կլոր սեղանների մասնակիցները կխոսեն հրատարակչական շուկայի և տպաքանակի գործոնի, թիրախային ընթերցողի վերհանման խնդրի, գրականության տարածման և հանրայնացման գործում գրական գործակալի դերի, ոչ մեծ տարածում ունեցող լեզուների թարգմանիչների ուսուցման առանձանահատկությունների, ինչպես նաև որոշ լեզուների պարագայում նաև սփյուռքի գործոնի մասին:
Միջազգային հավաքի շրջանակում անցկացված շնորհանդեսների թվում համաժողովի մասնակիցներին կներկայացվի Ալեքսանդր Բոժկոյի «Հավերժական շարժում» գիրքը` նվիրված Միխայիլ Կոցյուբինսկու և Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական առնչություններին: Կոցյուբինսկու ստեղծագործության հիմքի վրա Կիևի Դովժենկոյի անվան կինոստուդիայում Փարաջանովի նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները» կինոնկարը մեծ ճանաչում է բերել ռեժիսորին և, ըստ էության, դարձել պոետիկ կինոյի լավագույն ֆիլմերից մեկը: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա Փարաջանովի թանգարանում և կանցկացվի «Միխայիլ Կոցյուբինսկի և Սերգեյ Փարաջանով. երկու հանճարների հանդիպումը» խորագրի ներքո:
Համաժողովի օրերին հատուկ գրական-երաժշտական ծրագրով ֆորումի մասնակիցների գնահատմանը կներկայանան Վադիմ Մեսյացը, Տատյանա Դանիլյանցը և Արեգ Միրզոյանը: Համաժողովի տասնյակ քննարկումների առանցքային թեմաների թվում անդրադարձներ կլինեն նաև հայ ազգային թարգմանական մշակույթի լավագույն ավանդույթներին և 3-րդ հազարամյակում դրանք ժամանակի նոր պահանջներին համադրելու անհրաժեշտությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում