«Մշակույթի նախարարի համար երկու մետրանոց վիշապը բեկոր է… Անգրագետ որոշումը դժգոհությունների ալիք է բարձրացնում»
Կառավարության կողմից ընդունված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» որոշումը չի նպաստի տուրիզմի զարգացմանը: Ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Բնատաճար» ակումբի նախագահ Ապրես Զոհրաբյանը:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 13-ին ընդունել է որոշում՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին»: Որոշման համաձայն, Հայաստանի տարբեր մարզերից 63 անշարժ հուշարձաններ պետք է տեղափոխվեն Երևան ու ներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանի շուրջ կազմակերպվելիք «Քարերը ժողովելու ժամանակը» խորագրով ցուցահանդեսում`այնտեղ մնալու մինչև 2016 թվականը (40-նն արդեն տեղափոխվել է):
Ըստ Ա. Զոհրաբյանի, այդ որոշումը անհեթեթ է, չի կարելի հուշարձանը հանել իր պատմական, ճարտարապետական, բնական միջավայրից, քանի որ հենց այդ միջավայրում է ընկալելի այդ հուշարձանը:
«Ճանաչիր մեր երկիրը» նախաձեռնության ղեկավար Ռուբեն Բաղդիշյանն էլ նշեց. «Հասմիկ Պողոսյանն ասում է, թե Երևան են տեղափոխում ոչ թե հուշարձաններ, այլ բեկորներ: Չեմ կարծում, որ երկու մետրանց վիշապը բեկոր է: Նախարարն ասում է, բերում են թաքնված, կորած վայրերից հուշարձաններ, բայց միգուցե իրենք չեն տեսնում, իրենց համար է կորած, իսկ գնացողը գնում է ու տեսնում»,- նշեց նա:
«Armenian Extreme Club» ակումբի նախագահ Գոռ Հովհաննիսյանն էլ նշեց, որ միգուցե սկզբում հետաքրքիր կլինի, բայց վիշապը, տապանաքարը, խաչքարը կապված է հենց այդ տեղանքի հետ, որտեղ որ ստեղծվել են, որտեղ որ դարեր շարունակ կանգնած են, իսկ այստեղ «կկորեն փոշու մեջ, միգուցե ժամանակի ընթացքում վրաները կհայտնվեն Ա+Բ=սեր ու նմանատիպ գրություններ»: «Եթե գումար կա, թող գումար հատկացնեն, կրկնօրինակը պատրաստեն ու տեղադեն հրապարակում, տակն էլ գրեն, թե այս ինչ հուշարձանի կրկնօրինակն է: Այդպես տուրիզմը կզարգանա»,- նշեց Գ. Հովհաննիսյանը` կոչ անելով հրաժարվել այդ որոշումից այն որակելով անգրագետ:
Ռուբեն Բաղդիշյանն ընդգծեց, որ Հայաստանը դարձրել են միայն Երևան ու «զբոսաշրջիկներին հաճոյանալու համար նեղացնում են հենց հայերին»: Նրա խոսքով, այս խնդիրը համազգային բողոքի կարիք ունի ու պետք է պահանջել արդեն տեղափոխված հուշարձանները վերադարձնել սկզբնավայր, որոշումն էլ չեղյալ համարել: