Արաբկիրի դատախազը կազատվի պաշտոնից, իսկ մյուսների նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Նորայր Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալի պաշտոնից: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը:
Մեկ այլ հրամանով, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ:
ՀՀ գլխավոր դատախազի որոշումներով կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի դատախազ Հրաչ Բադալյանի, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի, Սյունիքի մարզի դատախազի տեղակալի նկատմամբ:
Panorama.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Արաբկիրի դատախազ Գրիշա Միքայելյանը ազատվելու է զբաղեցրած պաշտոնից: Այդ լուրը պաշտոնապես դեռևս չի հաստատվում: