Տեր-Պետրոսյանը դրդում է Ծառուկյանին դառնալ իր քաղաքական արկածախնդրության թիրախը
Անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններին` «Голос Армении»-ն գրում է, որ ԶԼՄ-ներն ու քաղաքական գործիչները գրեթե ամեն օր զարմանք են հայտնում առ այն, որ ԲՀԿ-ն դեռևս չի կողմնորոշվել, թե ինչ դիրքորոշում է որդեգրելու նախագահական ընտրություններին ընդառաջ:
Ըստ թերթի` ընդդիմությունը նույնպես գիտակցում է այն փաստը, որ գալիք ընտրությունների ֆավորիտը լինելու է գործող նախագահը և իրենց միակ խնդիրը հիմա պատգամավորական հարմարավետ աթոռներին նստած «սեփական երեսը փրկելն է» քաղաքական պայքարի իմիտացիայի միջոցով: Օրինակ` ՀՅԴ-ն սկզբում միանշանակ հայտարարություններ էր անում, թե իր թեկնածուով է հանդես գալու նախագահական ընտրություններում, այնինչ այսօր արդեն խոսակցություններ են գնում առ այն, որ ՀՅԴ-ն ընդհանրապես կարող է անտեսել նախագահական ընտրությունները: Իր հերթին ՀԱԿ ԱԺ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անընդհատ ակնարկում է, թե ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև պարբերաբար ինչ-որ բանակցություններ են ընթանում. «Զավեշտալի է, թե ինչ բանակցությունների մասին կարող է գնալ խոսքը, եթե Գագիկ Ծառուկյանն անգամ չի հայտարարել, որ անվավեր է ճանաչում 2011թ-ի փետրվարի 17-ին ստորագրված հուշագիրը»,-գրում է «ГА»-ն:
Ըստ թերթի` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը քաջ գիտակցում է, որ չնչին քանակությամբ ձայներ կարող է հավաքել նախագահական ընտրություններում, ինչը վերջնականապես խաչ կքաշի 2007թ-ի իր ձեռքբերման վրա, ուստի Տեր-Պետրոսյանի խնդիրն է դարձել ներքաշել օլիգարխ Գագիկ Ծառուկյանին իր քաղաքական արկածախնդրային նախագծի մեջ, այն է` ստիպել Ծառուկյանին առաջադրվել նախագահական ընտրություններում, որպեսզի Կոնգրեսը կարողանա թաքնվել օլիգարխի մեջքի հետևում և փրկվել վերջնականապես հեղինակազրկվելուց: «Գագիկ Ծառուկյանը պետք է քաջ գիտակցի, որ նույնիսկ «նախընտրական բարեգործություններով» նա չի կարող բավականաչափ ձայներ հավաքել գործող նախագահին լուրջ մրցակից լինելու համար, ուստի նրանք, ովքեր դրդում են օլիգարխին իր բիզնեսը վտանգի տակ դնել և գլխովի թաթախվել նախագահական ընտրությունների մեջ, իրականում արջի ծառայություն են մատուցում Գ. Ծառուկյանին»,-գրում է «ГА»-ն: