Հ. Սահակյան. ընդդիմադիր միասնական թեկնածուի ի հայտ գալը քիչ հավանական է
Գալիք նախագահական ընտրություններում ընդդիմադիր միասնական թեկնածուի ի հայտ գալը քիչ հավանական է: Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հատնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Բանախոսի կարծիքով, անգամ ՀԱԿ-ի պարագայում չկա մեկ միասնական թեկնածու: Մյուս թեկնածուների պարագայում, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, դեռևս հստակ չէ պատրաստ են արդյոք նրանք սատարել որևէ այլ թեկնածուի, թե` ոչ:
«Այս պարագայում մեկ միասնական թեկնածուի անհավանականության վերաբերյալ դեռևս մեկ ամիս առաջ արված իմ հայտարարությունը վերջին զարգացումների արդյունքում իրողություն է դառնում: Դա իմ կարծիքով, քաղաքական թիմերի խնդիրն է»,- նշեց Հ. Սահակյանը:
Ինչ վերաբերում է ԲՀԿ դիրքորոշմանը, ապա ըստ բանախոսի, այս մասին եզրակացությաններ անելը դեռևս վաղ է:
«ԲՀԿ-ի հետ կապված որևէ դիրքորոշում չէի ցանկանա հայտնել, քանի որ իրենք ԲՀԿ-ական գործիչները հայտնում են, որ դեռևս ոչինչ որոշված չէ: Այս դեպքում մեկնաբանությունները պետք է լինեն ենթադրությունների ֆոնի վրա, որը չեմ կարծում, որ իմ պարագայում ճիշտ է»,- նշեց Հ.Սահակյանը:
Պատգամավորը նշեց, որ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի` նախօրեին արված այն հայտարարությունը, թե Կոնգրեսը պատրաստ է համագործակցել բոլորի հետ «քաղաքական սխալ է»: «ՀԱԿ-ն ու Արամ Մանուկյանը ունեին մեծ քաղաքական կապիտալ, սակայն կորցրին այն. քաղաքական թիմը չի կարող յուրաքանչյուրի հետ համագործակցել, մանավանդ որ հիշենք, թե ամիսներ առաջ ինչպես էին խոսում նրանց մասին: Թող իրենք իրենց ՀԱԿ-ի ու ՀՀՇ-ի դարդը լացեն: Հինգ հոգով յոթ երգ են երգում»,- նշեց Հ. Սահակյանը: