Պ. Հայրիկյան. Եթե նորընտիր նախագահը իրեն խելոք չպահի, ապա կկանգնի հրաժարական տալու հրամայականի առաջ
«ՀՀ նախագահական ընտրությունների քաղաքական բովանդակությունը խեղաթյուրվում է: Որպես կանոն գերագնահատվում է նախագահական ընտրությունների նշանակությունը, որը սխալմունք է: Իրականությունն այն է, որ Հայաստանում օրենսդիր և գործադիր իշխանությունների համար նախագահի ընտրությունը որևէ փոփոխություն չի առաջացնի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններին, նման տեսակետ հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Բանախոսի համոզմամբ, խորհրդարանական մեծամասնությունը կմնա մեծամասնություն, իսկ նրա կամքով ձևավորվող կառավարությունը կշարունակի իր գործունեությունը: Իսկ այդ իրավիճակում նոր նախագահը ուզի, թե չուզի կհաստատի այդ կառավարության կազմը:
«Եթե նորընտիր նախագահը իրեն խելոք չպահի, ապա ինքը կկանգնի հրաժարական տալու հրամայականի առաջ: Պակաս սխալմունք չէ նաև նախագահի ընտրության թերագնահատումը: Ոչ Հանրապետական թեկնածուի հաղթանակի դեպքում նախագահը պետք է գիտակցի, որ ինքն ընդամենը բարոյաքաղաքական լծակի է տիրանում և պետք է աշխատել կարողանա մեծամասնությամբ իրեն չաջակցող խորհրդարանական մեծամասնության հետ»,- նշեց Պ. Հայրիկյանը:
Վերջինիս կարծիքով, շահեկան վիճակում են նրանք, ովքեր գիտակցում են միասնական թեկնածուի կարևորությունը և աշխատում են այդ ուղղությամբ, ինչպես դա տեղի ունեցավ 1996թ.-ին: Նա սխալ համարեց միասնական թեկնածուին քաղաքական դաշտի այս կամ այն հատվածի, օրինակ, ընդդիմության միասնական թեկնածու որակելը և նշեց, որ միասնական թեկնածու պետք է լինի ազգային համաձայնության միասնական թեկնածուն, որովհետև նախագահը չի կարող ազգի մի հատվածի նախագահ լինել:
«Հստակ պատկերացնելով հնարավոր զարգացումներն ու իրավիճակը՝ ես պատրաստ եմ արդեն մի քանի անգամ մեր ժողովրդին ծառայած իմ փորձառությունը այս անգամ արդեն նախագահի պաշտոնում դնել իմ ժողովրդի տրամադրության տակ: Հասկանալի է, որ հաջողության համար ես պետք է արժանի լինեմ ժողովրդի վստահությանը, բայց մի նրբություն էլ կա. ժողովրդի ներկա մտածելակերպն էլ ինձ պետք է արժանի լինի»,- ընգծեց Պ. Հայրիկյանը:
Անդրադառնալով հարցին, որ մարդիկ ընտրություններում ուշադրություն չեն դարձնում թեկնածուների ծրագրային դրույթներին, և ի՞նչ կարող է անել, որպիսի հասարակությունը ձայն տա իր ծրագրերին ու գաղափարներին՝ Պարույր Հայրիկյանը մասնավորապես նշեց. «Ես պետք է նրանց արժանի լինեմ, իսկ նրանք էլ ինձ արժանի լինեն: Դա երկուստեք է: Պոռնկուհուն պետք չի բարոյական ամուսին, նրան պետք է փող տվող մարդ: Եթե պոռնկացված է վերջնականապես, հազար ներողություն, ապա այդտեղ դու արդեն անելիք չունես: Ես չեմ կարծում, որ մենք այդ վիճակին ենք հասել, պետք է փորձենք ամեն կերպ այդ մարդկանց հետ բերել: Դա բոլորիս խնդիրն է»: