Ալի Քայեդի. Թեհրանի և Երևանի հարաբերությունների զարգացմանը նպաստում է երկու ազգերի բարեկամությունը
Երևանի և Թեհրանի հարաբերությունների զարգացմանը նպաստում են երկու ազգերի բարիդրացիությունն ու բարեկամությունը:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ալի Քայեդին:
Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով Հայաստանի և Իրանի պատմական և մշակութային ընդհանրություններին, նշել է, որ անհրաժեշտ է օգտվել բոլոր հնարավորություններից, որպեսզի երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգանան ու ամրապնդվեն:
Հայաստանի դեսպանը, Իրան-Հայաստան բարեկամական խմբի կազմավորման առթիվ շնորհավորելով Ալի Քայեդին, շեշտել է, որ Հայաստանը հակված է Իրանի հետ ավելի ընդլայնել իր հարաբերությունները:
Դեսպան Առաքելյանը, անդրադառնալով հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյա պատմությանը, նշել է, որ ներկայում երկկողմ հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: