Թուրք ծնողներ. Մենք չենք ցանկանում, որ մեր 14 տարեկան որդուն ասվի` դուք ցեղասպաններ եք
Ֆրանսիայի Լիոն քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում սկանդալ է ծագել: Պատմության դասաժամին 14-ամյա թուրք աշակերտ Բուրաք Դողանսոյը լքել է դասասենյակը, երբ իմացել է, որ ուսուցանվող դասը Հայոց ցեղասպանության մասին է լինելու:
Անտեսելով պատմության ուսուցչի բոլոր հորդորները` թուրք աշակերտը դուրս է եկել դասասենյակից: Դպրոցի տնօրինությունից զանգահարել են Բուրաք Դողանսոյի ծնողներին` տեղեկացնելու իրենց որդու կարգազանց վարքի մասին: Բայց ի զարմանս դպրոցի ղեկավարության` աշակերտի ծնողները հայտնել են, որ իրենք են կարգադրել իրենց որդուն բաց թողնել պատմության դասաժամը, եթե թեման լինի Հայոց ցեղասպանությունը:
«Մենք չենք ցանկանում, որ մեր 14 տարեկան երեխային ասվի` դուք ցեղասպաններ եք»,- ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի` պատճառաբանել են աշակերտի ծնողները: Վերջիններս մտադիր են հասարակական կազմակերպություններին ներգրավել այդ հարցում` ի պաշտպանություն իրենց որդու:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության փաստն առաջինը պաշտոնապես ճանաչել է Ուրուգվայը 1965թ.: Այնուհետև մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունը ճանաչել և դատապարտել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգներ: