Ա.Մարտիրոսյան. «Ժառանգությունը» պատրաստ է ԲՀԿ-ի հետ կոնսուլտացիաների (տեսանյութ)
«Քանի որ հայտարարությունը երեկ երեկոյան է տարածվել, կուսակցությունը դեռ քննարկում չի ունեցել այս կապակցությամբ. վերջնական որոշում չեմ կարող ասել»,- լրագրողների հետ հանդիպմանը` արդյո՞ք պատրաստ է «Ժառանգությունը» անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին, որի մասին նախօրեին իր տարածած հայտարարության մեջ կարևորել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, ԲՀԿ գործչի հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Անցումը կառավարման խորհրդարանական համակարգին ենթադրում է, որ 2013-ին ընտրվող նախագահը գործելու է առավելագույնը չորս տարի ժամկետով և մինչև խորհրդարանական հաջորդ ընտրությունները՝ (2017թ.) քաղաքական մյուս ուժերի հետ իրականացնելու է սահմանադրական համապատասխան փոփոխություններ և հիմք է դնելու նոր համակարգի: Մենք գիտենք, որ այս գաղափարն առաջարկվում է քննարկման այլ քաղաքական ուժերի կողմից ևս: Մենք կարծում ենք, որ այս մոտեցումը նախագահական ընտրություններում կարող է դառնալ տարբեր քաղաքական ուժերի համախմբման և համագործակցության լուրջ գաղափարական հենք:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջիկա օրերի ընթացքում խորհրդակցություններ է սկսելու քաղաքական ուժերի հետ՝ տեսնելու, թե արդյո՞ք կա հնարավորություն համախմբվելու ահա այս գաղափարի շուրջ»:
«Ժառանգության» ներկայացուցիչը նշեց, որ ողջունելի է համարում այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժը ևս, ըստ էության, միացավ այն գաղափարին, որի մասին վերջին տարիներին իրենց կուսակցությունը շատ է բարձրաձայնել. «Կսպասենք առաջիկա կոնսուլտացիաներին: «Ժառանգությունը» պատրաստ է «Բարգավաճ Հայաստանից» լսել առաջարկ կոնսուլտացիաներ անցկացնելու, ինչպես և պատրաստ է այն լսել ցանկացած ուժից, ուստի եթե ԲՀԿ-ն նմանատիպ առաջարկով հանդես կգա մենք պատրաստ ենք հանդիպել իրենց հետ»,- նշեց Ա.Մարտիրոսյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք տեսնում է հավանականություն, որ չորս քաղաքական ուժերը` ԲՀԿ, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» կարող են համախմբվել այդ գաղափարի շուրջ, քանզի բոլորն էլ կողմ են 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելուն, Ա.Մարտիրոսյանը արձագանքեց, որ այդ հարցի շուրջ անգամ անձնական կարծիք հայտնելուն պատրաստ չէ, որովհետև երեկոյան տարածված հայտարարությունից հետո այլ ուժերի արձագանքներին դեռևս չի ծանոթացել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում