Կլիմկո. «ԱրմենՏել»-ը կբացի գրասենյակներ, որոնք կսպասարկեն միայն բջջային կապի բաժանորդներին
«ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի կողմից իրականցված ուղիղ ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ սկսված 2006թ-ից առ այսօր կազմում է գրեթե 327 մլն. դոլար: Բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարը վերջին 6 տարիներին գերազանցել է 97 մլրդ. դրամ, որից ավելի քան 53 մլրդ. դրամ վճարվել է 2009-2012 թ-ին:
Այսօր հրավիրած ասուլիսում նման թվեր հրապարակեց «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Նշենք, որ ասուլիսը նվիրված էր հայաստանյան շուկայում «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի 6-րդ տարեդարձին:
Ներկայացված թվերի համաձայն, վերջին երեք տարիների ընթացքում «ԱրմենՏել» ընկերությունը տրամադրել է ավելի քան 1.1 մլրդ. դրամ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում իրականացնելով ավելի քան 130 ծրագիր` ուղղված կրթության, առողջապահության, սպորտի, երիտասարդների մշակութային և հայրենասիրական դաստիարակման ոլորտներին:
Ներկայացնելով անցած տարիների աշխատանքների արդյունքները, ընկերության ղեկավարը հայտարարեց հետագա ծրագրերի մասին: Ելնելով շուկայի աճող պահանջարկից «ԱրմենՏել»-ը մտադիր է կատարել լուրջ ներդրումներ ուղղված ընկերության բջջային և ֆիքսված կապի բաժանորդների սպասարկման որակի համակարգի բարելավմանը:
«Հայաստանում իմ աշխատելու առաջին իսկ օրից «ԱրմենՏել» ընկերության ուշադրության կենտրոնում է գտնվում սպասարկման որակի բարելավումը: Որպես ընկերության ղեկավար ես գիտակցում եմ պատասխանատվության այն մակարդակը և աշխատանքի այն ծավալը, որ պետք է իրականացնենք հայտարարելով մեզ համար շատ կարևոր այս ծրագրի նոր փուլի մեկնարկի մասին: Ժամանակակից շուկայի սրընթաց զարգացման միտումը և միջազգային սպասարկման ոլորտի փորձը թելադրում է, որ հաջողության են հասնում միայն նրանք, ովքեր չեն բավարարվում կարճաժամկետ ձեռքբերումներով: Մեր նպատակն է լինել հնարավորինս մոտ յուրաքանչյուր մարդու, արագ և ճկուն արձագանքել շուկայի պահանջներին: Վստահ եմ, որ մեր հաճախորդները կաջակցեն այս նախաձեռնությանը», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Այս նպատակով «ԱրմենՏել»-ը նախատեսում է ավելացնել գրասենյակների քանակը, ինչպես նաև տրամադրել լրացուցիչ աշխատակիցներ առավել պահանջված ծառայությունների տեսակների համար:
Ծրագրի շրջանակում կապի բոլոր տեսակներ տրամադրող գրասենյակների կողքին, ընկերությունը կբացի գրասենյակներ, որոնք կսպասարկեն միայն բջջային կապի բաժանորդներին: Այս քայլը թելադրված է ինչպես ընկերության հաճախորդների քանակի աճով, այնպես էլ ծառայությունների տեսակների ընդլայնումով:
Beeline բջջային կապի կենտրոնները կգտնվեն կապի բոլոր տեսակներ տրամադրող գրասենյակների կողքին: Ընկերության հաճախորդները, կախված իրենց հետաքրքրող ծառայություններից, հնարավորություն կունենան ընտրելու համապատասխան գրասենյակ: Ընկերությունը նախատեսում է նաև առավել ծանրաբեռնված ժամերին ավելացնել աշխատակիցների թիվը գրասենյակներում: Դա կօգնի մի քանի անգամ կրճատել սպասարկման ժամանակը և´ ունիվերսալ և´ բջջային գրասենյակներում
2012թ-ի նոյեմբերի սկզբին երևանյան վաճառքի և սպասարկման գրասենյակներում «Ազատություն» (Ազատության 24), «Քանաքեռ» (Պ. Սևակ 51) և «Զեյթուն» (Սարկավագ 129/6) մեկնարկել է արդյունավետ սպասարկման թեստավորման փորձնական գործընթացը: Ծրագրի ավարտից և արդյունքների վերլուծությունից հետո, ծրագիրը կկիրառվի Beeline բոլոր գրասենյակներում: Ընկերությունը պլանավորում է ավարտել սպասարկման նոր չափանիշների ներդրումը հանրապետությունում 2013թ-ի կեսերին: Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև Beeline նոր վաճառքի և սպասարկման գրասենյակների բացում ողջ հանրապետությունում: