Սեպտեմբերին արձանագրվել է հացամթերքի և բանջարեղենի գների զգալի աճ. ԿԲ
2012 թ. սեպտեմբերին արձանագրվել է 0.8% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը մնացել է անփոփոխ` կազմելով 2.5%, որը տատանումների թույլատրելի միջակայքի ստորին մակարդակն է: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տեղեկագրի` սեպտեմբերին շարունակվել է ամսական գնաճին պարենային ապրանքների գների փոփոխության գերակշռող նպաստման միտումը. ամսական գնաճը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների գների աճով (նպաստումն ընդհանուր գնաճին` 0.53 տոկոսային կետ), որի կառուցվածքում զգալի աճ է դիտվել «Բանջարեղեն և կարտոֆիլ» և «Հացամթերք» ապրանքախմբերի գներում` համապատասխանաբար 10.7% և 1.6% (նպաստումը գնաճին` 0.67 և 0.17 տոկոսային կետ): Սեպտեմբերին 12-ամսյա բնականոն գնաճը կազմել է 3.1%:
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012 թվականի հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, կազմել է 8.3%: Անցած 8 ամիսների արդյունքներով տնտեսական ակտիվության աճը գերազանցել է ակնկալիքները` պայմանավորված առավելապես արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի թողարկման ծավալների համապատասխանաբար 13.2% և 10.8% աճով: Շինարարության ճյուղի և ծառայությունների ոլորտի թողարկման ծավալների աճը` համապատասխանաբար 1.9% և 5.6%, հիմնականում համահունչ էր կանխատեսումներին:
Արտաքին ապրանքաշրջանառությունը բնութագրող ցուցանիշներից 2012 թվականի հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, արտահանումը ավելացել է 11.4%-ով, իսկ ներմուծումը` 3.6%-ով: Ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքը նույն ժամանակահատվածում աճել է տ/տ 8.4%-ով:
Ըստ ԿԲ-ի` 2012 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով կպահպանվեն մասնավոր սպառման աճի բարձր տեմպերը` 7.8%, իսկ մասնավոր ներդրումների նվազման տեմպերն աստիճանաբար կդանդաղեն` 3.8%: Հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկի վրա գնահատվում է զսպող, ինչը որոշ չափով կչեզոքացնի մասնավոր սպառման գնաճային ազդեցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա