Հենրիխ Մխիթարյան. «Շախտյոր» տեղափոխվել եմ առանց գործակալի, հիմա էլ գործակալ չունեմ»
Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ukrfootball.in.ua-ի թղթակցին տված հարցազրույցում խոսել է ոչ միայն «Չելսիի» հետ այսօր կայանալիք Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպման, այլ նաև իր արդյունավետ խաղի ու հարակից այլ թեմաների մասին:
- «Չելսիից» չենք վախենում, ընդհակառակը, վստահ ենք մեր ուժերին,- նշում է Մխիթարյանը:
- Թոմաշ Հյուբշմանը կարծում է, որ Անգլիայում էլ «Շախտյորը» կարող է հաղթել: Իսկապե՞ս նման վստահություն կա, որ կարող եք անընդմեջ երկու անգամ հաղթել այնպիսի բարձրակարգ ակումբի, ինչպիսին «Չելսին» է:
- Բանը կարողանալ-չկարողանալու մեջ չէ: Պարզապես գիտենք մեր ուժի մասին և հավատում ենք մեզ: Միևնույն ժամանակ, իրոք, գիտակցում ենք, որ հնարավորություն ունենք:
- «Ստեմֆորդ Բրիջում» «Շախտյորն» ինչպիսի՞ դժվարությունների կհանդիպի:
- Կասեմ, որ Դոնեցկում նույնպես հեշտ չէր, հեշտ չի լինի նաև Լոնդոնում: Միստերը մեզ կտա գործողությունների հստակ պլան, և եթե կատարենք այն, ամեն ինչ լավ կավարտվի:
- Թիմը կարո՞ղ է փոխվել 2-3 շաբաթվա ընթացքում:
- Խաղաոճը, իհարկե, չի փոխվի:
- Այդ ժամանակահատվածում հետևե՞լ եք «Չելսիին»:
- Դիտել եմ միայն «Չելսիի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը, որում լոնդոնցիները պարտվեցին 2:3 հաշվով: Մյուս հանդիպումները չեմ դիտել, քանի որ մենք էլ խաղեր ունեինք: Այդ խաղում «Չելսին» զիջում էր 0:2 հաշվով, հետո հավասարեցրեց հաշիվը, ուզում էր հաղթել, բայց բաց թողեց երրորդ անգամ: Ֆուտբոլիստներն առաջ գնացին և մոռացան պաշտպանության մասին, այդ պատճառով էլ պարտվեցին:
- Այն, որ որակազրկման պատճառով բաց թողեցիք Զապորոժիեի «Մետալուրգի» հետ հանդիպումը, օգնե՞լ է` ավելի շատ ուժեր կուտակելու` ընդդեմ «Չելսիի»:
- Կիմանանք խաղի ժամանակ: Խոստովանում եմ, որ շաբաթ օրն ուզում էի խաղադաշտ մտնել, բայց, ցավոք, որակազրկված էի:
- «Շախտյորի» ու «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստ Օլեգ Մատվեևը կարծիք է հայտնել, որ Դուք կգերազանցեք Ուկրաինայի առաջնությունների գոլային ռեկորդը (22): Դուք նույնպե՞ս այդպես եք մտածում:
- Ինձ համար ռեկորդն ամենագլխավորը չէ: Կարևորն այն է, որ «Շախտյորը» հաղթի առաջնությունում, նվաճի գավաթը և հնարավորինս լավ հանդես գա Չեմպիոնների լիգայում: Իսկ եթե նաև ռեկորդ լինի, իհարկե, կուրախանամ: Եթե չստացվի, չեմ տխրի, որովհետև գիտեմ, որ դեռ անհրաժեշտ է շատ աշխատել: Երբեք չի կարելի բավարարվել ձեռք բերածով: Միշտ պետք է առաջ գնաս:
- Շատ մասնագետներ Ձեզ երկրորդ Մեսսի են անվանում…
- Նման գնահատականը շատ հաճելի է: Բայց, կարծում եմ, մենք խաղաոճերով տարբեր ենք: Մեսսին աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստն է:
- Վերջերս Վլադիմիր Պյատենկոն, ում հետ աշխատել եք դոնեցկյան «Մետալուրգում», ասել է, որ մոտ ապագայում Ձեզ տեսնում է որևէ բարձրակարգ ակումբում: Ասացեք` ֆուտբոլային գործակալների գրոհի տակ հայտնվե՞լ եք:
- Գրոհում են, թե ոչ, ես ուշադրություն չեմ դարձնում: Մենք պետք է լավ կատարենք մեր աշխատանքը, այդ ժամանակ էլ կհասնենք ցանկալի արդյունքի: Դոնեցկի «Մետալուրգ» տեղափոխվեցի առանց գործակալի, «Շախտյոր»` նույնպես, ուստի պետք է մարզվել ու խաղալ, այլ ոչ թե մտածել գործակալների մասին:
- Եվ, այնուամենայնիվ, գործակալ ունե՞ք:
- Այսօրվա դրությամբ ես ֆուտբոլային գործակալ չունեմ:
- Իսկ ո՞վ է ներկայացնում Ձեր հետաքրքրությունները:
- Ես ինքս:
- Հավատո՞ւմ եք Վիլիանին, ով ասել է, որ ձգտելու է գրավել «Չելսիի» դարպասը Լոնդոնում:
- Տա Աստված, որ այդպես լինի: Իսկ եթե նաև հաղթենք, կրկնակի ուրախություն կզգանք:
- Կօգնե՞ք նրան:
- Իհարկե, եթե խաղում առաջանա այնպիսի իրավիճակ, երբ հարկավոր է փոխանցում կատարել: Եվ ոչ միայն Վիլիանին, բոլոր խաղընկերներիս էլ պատրաստ եմ օգնել: Երբեք ժլատություն չեմ արել, աշխատում եմ հանուն թիմի, նրա հաջողությունների, մեր ընդհանուր հաջողությունների:
- Հենրիխ, նախկինում շատ պահեր չէիք իրացնում, իսկ հիմա բարձրացրել եք արդյունավետության մակարդակը:
- Դեռ ամեն ինչ այդքան էլ հարթ չէ: Լինում է` վրիպում եմ հարմար դիրքերից: Բայց դրանից ողբերգություն չեմ սարքում: Շարունակում եմ աշխատել: Եվ չեմ թուլանում, թե 14 գոլ եմ խփել, մյուսներն իրենք իրենց կխփվեն (ծիծաղում է):
- «Չելսիի» հետ հանդիպման նախօրեին Դոնեցկում Միստերին հարցրեցի. «Արդյոք ակումբը հասունացե՞լ է` հաղթելու այնպիսի գերակումբների, ինչպիսին լոնդոնյան թիմն է»: Այդ հարցին նա դրական պատասխան տվեց…
- Չեմ սիրում խոսել նման թեմաների մասին: Եթե հաղթենք Լոնդոնում, ուրեմն կհաղթենք, եթե ոչ, ուրեմն ոչ: Չեմ կարող հաստատել, որ անպայման կհաղթենք, որովհետև, եթե, Աստված չանի, հետո պարտվե՞նք…
- Անձամբ Դուք համարո՞ւմ եք, որ լոնդոնյան հանդիպումը վճռորոշ կլինի «E» խմբի մրցաշարային աղյուսակում վերջնական տեղաբաշխման առումով:
- Ոչ, որովհետև հետո դեռ երկու խաղ կունենանք` ընդդեմ Դանիայի ու Իտալիայի չեմպիոնների: