Շարմազանովի արձագանքը` ԲՀԿ-ի հայտարարությանը. Պարզունակ քայլ է և ակնհայտ՝ որտեղ մշակված
Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի նախօրեի հայտարարությանն արձագանքել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների հետևում չտեսնել մարդկանց, որոնք որևէ այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու իշխանության գալու հնարավորություն չունեն, առնվազն քաղաքական կարճատեսություն է: Սա ավելի քան ակնհայտ է:
Պարզունակ քայլ է և ակնհայտ՝ որտեղ մշակված:
Իսկ հետագա զարգացումներն իրականում քաղաքական ուժերի ու հոսանքների համար շատ ավելի նման կլինեն դիմակազերծման մի գործընթացի. հիմա արդեն ավելի ակնառու կլինի քաղաքական դաշտի բոլոր խաղացողների իրական դեմքը՝ հետևելով այս հարցի շուրջ նրանց քայլերին»,-ասված է Շարմազանովի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ն. Զոհրաբյանի հայտարարության համաձայն, անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհներից մեկը կարող է լինել անցումը կառավարման խորհրդարանական համակարգի: «Սա կբերի քաղաքական կուսակցությունների դերի և պատասխանատվության զգալի բաձրացման, և կստեղծի իրական պայմաններ՝ արատավոր մի շարք խնդիրներ մեկընդմիշտ լուծելու համար: Այս ճանապարհին, մենք կարևորում ենք 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցումը»,-ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջիկա օրերի ընթացքում խորհրդակցություններ է սկսելու քաղաքական ուժերի հետ՝ տեսնելու, թե արդյո՞ք կա հնարավորություն համախմբվելու ահա այս գաղափարի շուրջ: