«Չանախ» պանրում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ. ոչնչացվել է 5.5 տոննա պանիր
Պանրի արտադրությամբ զբաղվող 59 տնտեսվարող ընկերություններից 18-ի արտադրանքում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:
Նրա խոսքերով` աեպտեմբեր-հոկտեմբերին պանրի արտադրությամբ զբաղվող 59 տնտեսվարողների մոտ ստուգումների արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ պայմանների, մակնշման և պահման խնդիրներ:
18 տնտեսվարողների գործունեությունն արգելվել է, քանի որ տվյալ տնտեսվարողների մոտ տեսչական ստուգումների արդյունքում կատարվել է նմուշառում և փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ, մասնավորապես` «Չանախ» պանրի արտադրատեսակում:
Ա.Բախչագուլյանը հայտնեց, որ ստուգման արդյուքնում ոչնչացվել է շուրջ 5,5 տոննա պանիր, իսկ խախտումներ թույլ տված ընկերություններն ընդհանուր առմամբ ենթարկվել են 10 մլն 450 հազար դրամի վարչական տուգանքի: 59-ից 18 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը արգելվել է:
Այդ ընկերություններն են` Ա/Ձ Կամո Վահանյան, «Անի-Մերի» ՍՊԸ, Ա/Ձ Գարեգին Քոչինյան, Ա/Ձ Սուսան Ղազարյան, Ա/Ձ Արմեն Սուքիասյան, Ա/Ձ Էդիկ Բոզոյան, «Ամասիայի գլխավոր պանրագործարան» ՍՊԸ, «Վարդանուշ» ՍՊԸ, «Սեդրակ և Տիգրան» ՍՊԸ, «Կալինինո կաթ» ՍՊԸ, «Դումիկյան Եղբայրներ» ՍՊԸ, «Մաստարաչեդո» ՍՊԸ, «Իգիթ» ՍՊԸ, «ԱՄՄ» ՍՊԸ, «Կաթնամթերք Վան» ՍՊԸ, «Կյորու» ՍՊԸ, Ա/Ձ Թունյան Սամվել, Ա/Ձ Բալոյան Սամվել:
«Սննդի անվտանգության ոլորտում կարևորագույն պարտավորություն ենք ստանձնել և պետք է երաշխավորենք քաղաքացիներին, որ հանրապետությունում վաճառվող սնունդը որակյալ է և անվտանգ: Ցավոք սրտի, դեռևս ունենք լուրջագույն խնդիրներ: Այսօր ՀՀ-ում ներդնում ենք մոնիթորինգի համակարգ, որպեսզի իշխանություններրը պարբերաբար իրականացնեն ստուգումներ սնունդ արտադրողների մոտ: Եվ եթե հայտնաբերում ենք խախտումներ, շեղումներ նորմերից, ապա հանրությանը դրա մասին տեղյակ պահենք»,- ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը հետաքրքրվեց, թե այդ մանրէներն ինչ վտանգ են իրենցից ներկայացնում, Ա.Բախչագուլյանը նշեց, որ եթե աղիքային ցուպիկի մանրէները թույլատրելի քանակը գերազանցում են, ապա այն բերում է մարսողական համակարգի խանգարման:
Նշվեց նաև, որ դրանք այն ընկերություններ են, որոնք ունեն փոքր արտադրության ծավալներ և չեն ապահովում սանիտարահիգինեիկ նորմերը: Տվյալ ընկերությունները օրական արտադրում են 60-75 կգ պանիր, որը հավուր պատշաճի մակնշված չէ:
«Այսինքն` դա վնաս է հասցնում առողջությանը և դրա համար մեր քաղաքացիները վճարում են և պանիրն օգտագործելուց հետո նրանց մոտ հիվանդություններ են առաջանում: Մենք պետք է հրապարակային դարձնենք այդ արտադրողների, ձեռնարկությունների անունները, որպեսզի մեր քաղաքացիները չօգտվեն, հրաժարվեն այդ արտադրատեսակից»,- նշեց Տ.Սարգսյանը:
Ա.Բախչագուլյանը նշեց, որ այս պահին տվյալ ընկերությունների արտադրությունը դադարեցված է, տնտեսվարող սուբյեկտները գտնվում են խիստ վերահսկողության տակ և ներկայումս ձեռնարկություններում կատարվում են սանիտարահիգիենիկ պահանջների կարգավորման աշխատանքներ:
«Այդ ընկերությունները կվերսկսեն գործունեությունը միայն այն դեպքում, եթե ապահովեն սանիտարահիգինեիկ պահանջների կատարումը, դրանից հետո միայն թողարկեն փորձնական արտադրանք, որը լաբորատոր փորձաննքության ենթարկելուց հետո կվերսկսի արտադրությունը»,- ասաց Ա,Բախչագուլյանը:
Պատասխանելով վարչապետի հարցին` Ա. Բախչագուլյանը նշեց, որ խոշոր արտադրողների մոտ սանիտարահիգիենիկ խնդիրներ չեն հայտնաբերվել, վերջիններս ավելի պարտաճանաչ են, ներդրել են ժամանակակից արտադրական համակարգեր: «Մեր խնդիրը փոքր արտադրություններն են: Նկատվում է նաև պատժամիջոցների խստացման անհրաժեշտություն, ինչի համար անհրաժեշտ է կատարել օրենսդրական փոփոխություններ»,- նշեց նա:
Նա նաև տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ ծառայությունը ստուգումներ է անցկացնելու մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերություններում: