Լևոն Տեր-Պետրոսյանի նպատակը ոչ թե ընտրություններն են, այլ հետընտրական ապակայունացումը
Անդրադառնալով նախագահական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտում ստեղծված իրավիճակին` «Голос Армении»-ն գրում է, որ ընդդիմադիր դաշտում նոր շարժում է ձևավորվում, որը դեմ է ԲՀԿ-ի հետ համագործակցությանը և հրապարակայնորեն քննադատության է ենթարկում Լևոն Տեր-Պետրոսյանի ռազմավարությունը:
Որպես այս շարժման կարկառուն ներկայացուցիչ` թերթը նշում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին: Վերջինս հայտարարել է, թե ԲՀԿ-ն չի ցանկանում փոխել իշխանությունը, այլ ընդամենը ցանկանում է պահպանել և բազմապատկել այն, ինչ ունի: «ГА»-ն նկատում է, որ միևնույն ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անում է ամեն ինչ, որպեսզի իմիտացիաներ ստեղծի, թե ՀԱԿ-ը սերտ համագործակցության մեջ է ԲՀԿ-ի հետ, սակայն հետաքրքրականն այն է, որ ԲՀԿ-ն իր պաշտոնական հայտարարություններում ամեն կերպ բացառում է որևէ քաղաքական ուժի հետ բանակցություններ վարելու մասին լուրերը:
Ըստ թերթի` Լևոն Տեր-Պետրոսյանի իրական նպատակը ոչ թե նախագահական ընտրություններն են, այլ այդ ընտրություններից հետո երկրում ներքաղաքական իրավիճակի ապակայունացումը, իսկ միասնական թեկնածուի վերաբերյալ գաղափարները ՀԱԿ-ի համար ոչ այլ ինչ են, քան Գագիկ Ծառուկյանին իրենց կողմը գրավելու միջոց: