Հունաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել ծախսերի կրճատման նոր ծրագիրը
Հունաստանի խորհրդարանը նոյմբերի 7-ին ուշ երեկոյան հավանության է արժանացրել բյուջետային խնայողությունների վերաբերյալ կառավարության ներկայացրած նոր փաթեթը, որը նախատեսում է պետական ծախսերի 18,5 միլիարդ եվրոյի կրճատում: Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը` նշելով, թե նոր ծրագրին կողմ են քվեարկել 299 պատգամավորներից 153-ը:
Խորհրդարանականների հավանությանն արժանացած փաստաթուղթը ուժի մեջ է մտնելու 2016 թ-ից և ենթադրում է թոշակի անցման տարիքային շեմի բարձրացում` մինչև 67 տարեկան, սոցիալական նպաստների և պետական սեկտորում աշխատողների աշխատավարձերի կրճատում:
Բյուջետային խնայողությունների վերաբերյալ ծրագիրը Հունաստանի առջև դրվել էր միջազգային վարկատուների կողմից նոր ֆինանսական օգնությունը տրամադրելու նպատակով, որը կազմելու է 31,5 միլիարդ եվրո:
Խնայողությունների ծրագրի քննարկումն ու քվերակությունն անցել է խորհրդարանի շենքի դիմաց տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցի պայմաններում: Լրատվամիջոցների հաղորդմամբ, մոտ 70 հազար ցուցարարներ նախօրեին դուրս են եկել Աթենքի կենտրոնական փողոցներ՝ բողոքելու նոր խնայողությունների դեմ: Խորհրդարանի շենքի դիմաց ցուցարարների բողոքի ակցիան վերածվել է բախումների իրավապահ մարմինների հետ, ինչի արդյունքում արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են գործադրվել: Հաղորդվում է մի քանի տասնյակ ձերբակալվածների մասին:
Հիշեցնենք, Հունաստանը վերջին մի քանի տարիների ընթացքում պարբերաբար հայտնվում է դեֆոլթի շեմին ու օգնություն հայցում միջազգային վարկատուներից, որոնք վարկերի դիմաց պահանջում են խնայողություններն ապահովող օրենսդրական փոփոխություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա