Ձևավորվում է նոր ընդդիմադիր ուժ` «Առաքելություն»
«Հրապարակը» գրել է, որ հայաստանյան կուսակցությունների դաշտը շուտով կհամալրվի ևս մեկով` «Առաքելություն» անվանմամբ: Այսօր, ժամը 13-ին կուսակցության նախաձեռնող խումբը, որ մոտ 10-15 երիտասարդներից է կազմված, «Գոլդեն թուլիփ» հյուրանոցում ասուլիս է տալու, որ ազդարարի նոր ուժի ստեղծման մասին: Ըստ նախաձեռնողների, կուսակցությունը գործելու է ընդդիմադիր դաշտում, նրա կազմում կան ՀԱԿ նախկին անդամներ, շատ են նաև անկուսակցականները:
Նախաձեռնող խմբում է նաև Հայ ազգային կոնգրեսի կազմում գտնվող «Այլընտրանք» նախաձեռնության անդամ Մանուկ Սուքիասյանը: Իսկ «Այլընտրանքը», հայտնի է, հիմնադրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Թերթի թղթակիցը Մանուկ Սուքիասյանին հարցրել է` արդյո՞ք Կոնգրեսից անջատված թևն է հավաքվելու այս կուսակցությունում: Սուքիասյանը նշել է, որ կառույցում հավաքվել են ՀՀ քաղաքացիներ, ընդդիմության համակիրներ, ակտիվիստներ և նախկինում քաղաքականությամբ զբաղվածներ: Թերթի տեղեկություններով, կուսակցությունը նախագահ չի ունենալու, այն ղեկավարելու է հիմնադիր համագումարում ընտրված խորհուրդը: