Ա. Վարդանյանն ուրախ է, որ ԲՀԿ-ն փոխել է իր մոտեցումը
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ: Մեկնաբանելով այդ հայտարարությունը, լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց.
«Մենք վստահ ենք, որ եթե այս խնդիրներն իրականացվեն, շատ կարճ ժամանակահատվածում մենք կունենանք որակապես նոր երկիր: Մենք կունենանք մի պետություն, որ իսկապես կլինի ժողովրդավարական, իրավական և սոցիալական»:
Խոսելով ՀՅԴ-ի քաղաքական բանավեճեր կազմակերպելու մտադրության և ԲՀԿ-ի` նույնանման ծրագրեր ունենալու մասին` Ա. Ռուստամյանը նշեց. «Լավ նշան է, որ բոլորը գան-հանգեն հենց այն համախմբման գաղափարին, որը պետք է տեղի ունենա հենց այս պլատֆորմի շուրջ»: Նրա համոզմամբ` ոչ թե ինչ-որ առանձին-առանձին նախաձեռնություններ, այլ ՀՅԴ ծրագրում առկա կետերի համակարգն է, որ այդ փաթեթը դարձնում ամբողջական:
Իսկ ասուլիսին ներկա ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ նշեց, որ իրենք պատրաստվում են ՀՅԴ-ի հայտարարությունում առկա ծրագրային դրույթները քննարկել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Բանախոսները հայտնեցին, որ ՀՅԴ-ն ակնկալում է երկրի հասարակական ու քաղաքական ուժերի կոնսոլիդացիա` իրենց ներկայացրած փաթեթի շուրջ:
Անդրադառնալով դիտարկմանը, թե`ժամանակին 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկը ԲՀԿ-ն ժամանակին չի ընդունել, բայց այսօր ինքն է առաջարկում, Ա. Վարդանյանն ասաց. «Մենք շատ ուրախ ենք, որ պետության կառավարման վերաբերյալ նրանց մոտեցումներն այսօր այսպիսին են»: