Բաշար ալ- Ասադ. Էրդողանին թվում է՝ ինքը խալիֆ է, Օսմանյան կայսրության տարիների սուլթան
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ռուսական անգլալեզու «Russia Today» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է սիրիական հակամարտությանը` արտերկրից սիրիացի ընդդիմադիրների ֆինանսավորմանն ու Թուրքիա հետ հարաբերություններին:
Պատասխանելով հարցին, թե ինչու Թուրքիան, որին ժամանակին Սիրիան համարում էր բարեկամական երկրիր, դարձել է ընդդիմության հովանավորը, Ասադն ասել է.
«Ո՛չ թե Թուրքիան, այլ ավելի ճիշտ, Էրդողանի կառավարությունը: Թուրքական ժողովուրդը պետք է լավ հարաբերություններ ունենա սիրիական ժողովրդի հետ: Էրդողանը կարծում, թե եթե «Մուսուլման եղբայրները» իշխանություն սահմանեն տարածաշրջանում և հատկապես Սիրիայում, նա կկարողանա երաշխավորել իր քաղաքական ապագան, սա առաջին պատճառն է:
Մյուս պատճառն այն է, որ Էրդողանը անձնապես իրեն համարում է Օսմանյան նոր սուլթան, ով ի զորու է վերահսկել տարածաշրջանը, ինչպես դա տեղի էր ունենում Օսմանյան կայսրության տարիներին: Իր սրտի խորքում նա իրեն խալիֆ է զգում: Սրանք են այն երկու գլխավոր պատճառները, որոնց արդյունքում նրա զրո խնդիր հարևանների հետ քաղաքականությունը վերածվեց զրո հարևանների քաղաքականության», - հայտարարել է Բաշար ալ Ասադը:
Նշենք, նույն հարցազրույցում Բաշար ալ –Ասադը նշել է, թե ինքը սիրիացի է, ծնվել է Սիրիայում և պետք է ապրի ու մեռնի իր երկրում: Ասադը մեկնաբանել է նաև Սիրիայի տարածք միջազգային զորքերի ներխուժման հավանականությունը, նշելով, թե դա թանկ կնստի աշխարհի վրա:
«Նման ինտերվենցիայի գինը, եթե այն տեղի ունենա, ծանր կլինի ողջ աշխարհի համար: Սիրիան աշխարհիկության վերջին պատվարն է, տարաշածրջանում կայնության և խաղաղ համակեցության հանգրվանը: Եթե Սիրիայում խնդիրներ առաջանան, ապա այն կունենա շղթայական ռեակցիա և կանդրադառնա Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոսը, ողջ աշխարհի վրա: Այդ իսկ պատճառով ես չեմ կարծում, որ արևմուտքն այդ ճանապարհով կգնա: Այնուհանդերձ, եթե դա տեղի ունենա, ոչ մեկ չի կարողանա կանխատեսել՝ ինչ կլինի ապագայում», - ասել է Ասադը: