Վերադարձել է երբեմնի ընդդիմադիր գործիչ Արկադի Վարդանյանը
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ երեք օր առաջ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպել է երբեմնի ընդդիմադիր գործիչ Արկադի Վարդանյանի հետ։ Ականատեսների վկայությամբ՝ նրանք հանդիպել են Երևանի կենտրոնում և տևական ժամանակ զբոսնել ու զրուցել։
Թերթի հետ զրույցում Ռ. Հակոբյանը հաստատել է լուրը։ Հարցին, թե ինչ քաղաքական հարցեր են քննարկել, ինչու է նա վերադարձել, Հակոբյանը հստակ պատասխան չի տվել. «Շատ պատահական հանդիպեցի Արկադի Վարդանյանին, որպես նախկին ծանոթներ՝զրուցեցինք։ Շատ զարմացա, որ ինքը Հայաստանում է ապրում։ Պարզապես իրար որպիսություն ենք հարցրել։ Քաղաքական հարց չենք քննարկել»։
Թերթը հիշեցնում է, որ քաղաքագիտության դոկտոր Ա. Վարդանյանը 2000թ. աշնանը (Ռոբերտ Քոչարյանի օրոք) ՀՀ-ում նախաձեռնեց ընդդիմադիր գործունեություն, որի արդյունքում մի քանի ամսով ազատազրկվեց, ապա Հայաստանից հեռանալու պայմանով ազատ արձակվեց։ Հիմա նա վերադարձել է։