Կ. Խոդիկյան. Ժողովո՛ւրդ, այսպես գնալով-գնալով մենք ուր կհասնենք
«Գյուղում, քաղաքում բնակվող գրողները գրում են, թե ինչ է կատարվում իրենց գյուղում, քաղաքում: Գրողի գրածը մի քիչ ուրիշ է, այս կամ այն քաղաքական հոսանքի թելադրանքով չի գրում: Դա ահազանգ է, ժողովո՛ւրդ, այսպես գնալով-գնալով մենք ուր կհասնենք»,- ասուլիսում ասաց «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը` խոսելով Հայաստանի կարևորագույն խնդիրներից մեկի` արտագաղթի մասին:
Նրա խոսքով, գրողները նկարագրելով իրավիճակը, գալիս են մեկ եզրակացության, արտագաղթի պատճառներն են` աշխատանքի պակաս, որի կողքին դնում են նաև անարդարության պրոբլեմը, իրենց զավակների համար ապագա չեն տեսնում այս փոքրիկ ու օրեցօր փոքրացող Հայաստանում:
Ասուլիսին ներկա «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանն էլ ասաց, որ արտագաղթը աղետալի չափերի է հասնում: «Ով էլ լինի իշխանության գլուխ` գլխավոր պարտականությունը պետք է լինի հայտարարել, որ ժողովուրդ կանգ առնեք, ես խոստանում են առաջին տարին այսպես անեմ, երկրորդ տարին այսպես անեմ, երրորդ տարին` այսպես»,- ասաց նա, նշելով, թե իշխանական կողմը խուսափում է շատ շեշտադրել այս թեման, ընդդիմությունն էլ բարձրաձայնում է` ներկայացնելով որպես իշխանության քաղաքականության արդյունք:
«Հետևանքում մենք ունենում ենք չփոխոխվող իրականություն»,- նշեց Հ. Ավետիքյանը: Նա համաձայն է գրողների ներկայացրած պատճառների հետ, թե ինչու են արտագաղթում հայերը, ավելացրեց «հեշտությամբ են հայերը թողում տուն-տեղը ու գնում»: Ըստ նրա, սա էլ է մտահոգիչ:
«Եթե անկախության 21 տարիների ընթացքում լիներ համոզմունքը, հավատը, որ երկիրը իսկապես պետք է երկիր դառնա, ինչի համար կանգած էինք Ազատության հրապարակում ու ինչի համար ոտքի կանգնեցինք և 40 տզրուկների ձեռքին չպետք է խաղալիք դառնա, հավատացեք, այսպիսի արտագաղթ չէր լինի»,- չհամաձայնվելով Հ. Ավետիքյանի հետ, որ հայերը հեշտությամբ ենք լքում իրենց հայրենիքը, ասաց Կ. Խոդիկյանը: Ըստ նրա, մարդիկ չեն հավատում, որ իրենց ճակատագիրը, իրենց երկրի ապագան տնօրինում են այն ղեկավարները, ովքեր մտածում են երկրի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները