Դունյա Միյատովիչը ադրբեջանական իշխանություններին է ներկայացրել մամուլի ազատության ոլորտում առկա բացասական երևույթները
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Բաքու կատարած իր այցելության ընթացքում տեղական իշխանությունների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում մամուլի ազատության ոլորտում առկա սահմանափակումների վրա: Այս մասին ասված է ԵԱՀԿ պաշտոնական հաղորդագրությունում:
«Իմ բոլոր հանդիպումների ընթացքում ես հույս հայտնեցի, թե Ադրբեջանում ձերբակալված լրագրողներն ու բլոգերները մոտ ժամանակահատվածում ազատ կարձակվեն, մտահոգություն հայտնեցի նախկինում իմ կողմից բարձրացված բոլոր գործերի վերաբերյալ, այդ թվում անկախ լրագրող Իդրակ Աբբասովի վրա հարձակման, Խադիրա Իսմայիլովայի նկատմամբ ահաբեկման արշավի և այլնի առնչությամբ», - ասված է Միյատովիչի հայտարարությունում:
ԵԱՀԿ պաշտոնյան կոչ է արել ադրբեջանական իշխանություններին` երկրում գործող լրատվամիջոցների համար ապահովել գործունեության ազատ և անվտանգ միջավայր, քանի որ արհեստավարժ լրագրողները կարող են իրենց պարտականությունները կատարել միայն վախի մթնոլորտից զերծ պայմաններում: