Համազգային թատրոնի համար կառուցվելիք շենքը իրենից ներկայացնելու է կանաչապատ հարթություններ. «Մենք այստեղ շենք չենք դնում»
Երևանի Գլխավոր պողոտայի Սարյան փողոցին հարող հատվածում Համազգային թատրոն կառուցելու համար Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի կողմից հայտարաված մրցույթին մասնակցած բոլոր յոթ աշխատանքներն էլ ներկայացրել են սկզբունքորեն իրարամերժ ու հետաքրքիր կոնցեպցիաներ, բայց Երևանի քաղաքապետին կից Քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովն ընտրել է երեք աշխատանք: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Սարգսյանը:
Այսօր այդ երեք նախագծերի հեղինակները` վաստակավոր ճարտարապետ Լևոն Ղալումյանի արվեստանոցը, հեղինակավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանի արվեստանոցը, երիտասարդ ճարտարապետներ Հայկ Մկրտչյանը և Տիգրան Մարգարյանը, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ստացան իրեն խրախուսական մրցանակները` յուրաքանչյուրը 400 հազարական դրամ։
Հիշեցնենք, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի կողմից սեպտեմբերի 13-ից գլխավոր պողոտայի Սարյան փողոցին հարող հատվածում «Համազգային» թատրոնի շենքի ճարտարապետական էսքիզային նախագծի մրցույթ էր հայտարարվել: Հայտերն ընդունվել են մինչև հոկտեմբերի 1-ը:
«Մրցույթի գաղափարն առհասարակ ծագել է քաղաքաշինական խորհրդում տարակարծություններ ունենալով տեղի նկատմամբ: Գործընկերների զգալի մասը ուներ նկատառումներ, համաձայն որոնց այդտեղ բարդություններ կլինեն կառույց տեղադրելու համար: Ես անձամբ այն կարծիքին էին, ինչպես նաև փորձառու շատ ճարտարապետներ, որ դա ճիշտ տեղ է մշակութային օբյեկտի համար ու որոշեցինք մրցույթ հայտարարել»,- ասաց գլխավոր ճարտարապետը:
Նրա խոսքով, հանձնաժողովի կողմից հավանության արժանացած երեք նախագծերից նախապատությունը տրվեց վաստակավոր ճարտարապետ Լևոն Ղալումյանի արվեստանոցի հեղինակած նախագծին, սակայն ոչ այն կերպ, ինչպես ներկայացված էր` կենտրոնական լուծումով: «Առաջարկեցի երկու մասի բաժանել, որպեսզի լինի երկու շենք: Արդեն այդ կերպ կրկին ներկայացվեց հանձնաժողովին, հավանության արժանացավ մեկ պայմանով, որ վերջնականապես ճշտվի թատրոնի նորմատիպ պահանջները պահպանվո՞ւմ են այսպիսի կառուցապատման դեպքում»,- մանրամասնեց Ն. Սարգսյանը: Ըստ նրա, այսօր քաղաքաշինական խորհուրդը վերջնական քննարկում կանի:
Ճարտարապետ Լևոն Ղալումյանն ասաց, որ թատրոնը լինելու է 400 տեղանոց, թատրոնի համար անհրաժեշտ բոլոր տարածքներով: Նա ընդգծեց, որ թատերական բոլոր պահանջներն ապահովված են: Նրա ներկայացրած նախագծով, թատրոնը իրենից ներկայացնելու է երկու շենք, որոնք երկուսն էլ կանաչապատ են ու աստիճանաբար բարձրանում են (Կասկադի նման): «Մենք այստեղ շենք չենք դնում, այլ լինելու է կանաչապատ տարածք, որի տակ լինելու է շենքը: Այսինքն` այսպիսի լուծում եմ տվել, որպեսզի շենք չլինի, այլ լինեն կանաչապատ հարթություններ: Իսկ մեջտեղում լինելու է հրապարակ` շատրվաններով»,- ասաց ճարտարապետը:
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօերն Աշոտ Գրիգորյանը Panorama.am-ին ասաց, որ այս նախագիծն ընդունվելու է որպես հիմք, որի վրա պետք է արվեն հետագա մշակումները: Նրա խոսքով, ներկայացված բոլոր 7 տարբերակներում հնարավորինս փորձ էր արվել բարդ քաղաքաշինական հանգույցում լուծումներ տալ: Լուծումները շատ տարբեր էին: «Տարածքն իսկապես սահմանափակում է հնարավորությունը. մի կողմից ուզում են պահպանել գլխավոր պողոտայի առանցքը, մյուս կողմից ունենալ թատրոն, հեռանկարային զարգացման հենք: Այս բոլոր հիմնական խնդիրները հաշի առնելով, կարծես թե այս նախագիծը, որի վրա կանգնել են, լուծում է»,- նշեց նա:
Նարեկ Սարգսյանն ասաց, որ այսօր պետք է վերջնական որոշվի նաև թառրոնի շենքի տեղանքի հարցը: «Տեղանքի հետ կապված վերջնական որոշումը այսօր երեկոյան կլինի: Բայց դատելով նախորդ նիստի արդյունքներից, տեղանքն էլ հավանության կարժանանա` Երևանի Գլխավոր պողոտայի Սարյան փողոցին հարող հատվածում: Վստահ եմ, որ հավանության կարժանան վերջնական այս հայեցակարգը»,- նշեց գլխավոր ճարտարապետը: Այնուհետև, ըստ նրա, կդիմեն արդեն քաղաքապետարան, կառավարություն, որպեսզի թատրոնի համար հողահատկացում լինի: Նա հույս ունի, որ ամեն ինչ նորմալ ընթանալու դեպքում, երկու տարի հետո կունենանք արդեն Համազգային թատրոնի նորակառույց շենք:
Նարեկ Սարգսյանն ասաց, որ Մաշտոցի պողոտայից մինչև թատրոնի շենք հատվածում գտնվող այգին պետք է դառնա մշակութային այգի, այսինքն լինելու են արձաններ, թատրոնին նվիրված ատրիբուտներ, «որպեսզի Մաշտոցի պուրակի այս հատվածը դառնա ոչ առևտրային, ոչ վերսնիսաժային, այլ մշակութային»:
Լուսանկարները` ԼԻԼԻԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ
Նախորդող նորություններ` «Համազգային» թատրոնի շենքը կառուցվելու է ճարտարապետ Լևոն Ղալումյանի արվեստանոցի ներկայացրած էսքիզով
«Համազգային» թատրոնի շենքի էսքիզային նախագծի մրցույթն ավարտվել է. հաղթած երեք նախագծերից դեռ պետք է ընտրեն
«Համազգային» թատրոնի շենքի նախագծի մրցույթ է հայտարարված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան