Թուրքագետ. Թուրքիայի ռազմական միջամտությունը սիրիական ճգնաժամին քիչ հավանական է
Թուրքիայի անմիջական ռազմական միջամտությունը սիրիական ճգնաժամին քիչ հավանական է: Անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:
Բանախոսը նշեց , որ անմիջական ռազմական ինտերվենցիայից խուսափելու համար պաշտոնական Անկարան ունի ինչպես ներքին, այնպես էլ, արտաքին բազմաթիվ դրդապատճառներ:
Նախևառաջ, ըստ թուրքագետի, Թուրքիային նման գործողություններից hետ է պահում քրդական գործոնը: Սիրիական քրդերը, որոնք մինչև վերջին իրադարձությունները կարծես առերևույթ չեզոքություն էին պահպանում, անմիջական գործողությունների են անցել:
Թուրքագետը մեջբերեց Հալեպի քրդաբնակ շրջաններում սիրիական ընդդիմադիրների և տեղի քրդերի ռազմական ջոկատների բախումները` նշելով, որ դա քրդերի` սիրիական ճգնաժամից առ այսօր ռազմական գործողություններին առաջին մասնակցությունն է:
Անուշ Հովհաննիսյանի հավաստմամբ, միայն այն փաստը, որ սիրիայի քրդերը ռազմական ջոկատներ են կազմում, չի կարող չառաջացնել պաշտոնական Անկարայի մտահոգությունը:
Մյուս կողմից, սիրիական ճգնաժամում քրդական գործոնի ակտիվացման մասին է խոսում նաև երկրի նախագահ Բաշար Ասադի հայտարարություն առ այն, որ նա պատրաստվում է քաղաքացիության շնորհել տասնամյակներ առանց դրա երկրում բնակվող քրդերին:
Սույն քայլը, ըստ բանախոսի, կարող է ստիպել սիրիական քրդերին, եթե չանցնել իշխանությունների կողմը, ապա գոնե չեզոքություն պահպանել:
Իր հերթին Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցչի այն հայտարարությունը, որ Թուրքիայի անմիջական ռազմական միջամտության դեպքում իրենք աջակցության ձեռք կմեկնեն Սիրիայի իրենց ազգակիցներին, նույնպես անհանգստացնում է թուրքական կառավարող շրջանակներին: «Եթե Անկարան նման բան անի, ապա քրդերն արդեն միացյալ ճակատով հանդես կգան Թուրքիայի դեմ»,- նշեց Անուշ Հովհաննիսյանը:
Բացի այդ, ըստ քաղաքագետի, Սիրիա ռազմական ներխուժման հարցում միակարծիք չէ նաև թուրքական հասարակությունը: Թուրքիայի բնակչության մեծամասնությունը դեմ է Սիրիա ռազմական ներխուժմանը:
Իր հերթին, ըստ բանախոսի, Անկարային կտրուկ քայլերից հետ են պահոմ նաև արտաքին քաղաքական գործոնները: «Եթե Թուրքիան առանց դաշնակիցների ներգրավվի այս խնդրում, ապա տարածաշրջանային լուրջ խնդիրներ կառաջանան: Ավելին՝ Թուրքիայի դաշնակիցները դա կընկալեն որպես Անկարայի իմպերիալիստական նկրտումներ, որոնց պատճառով Անկարայի իմիջը կտրուկ անկում կապրի»,- նշեց Անուշ Հովհաննիսյանը:
Թուրքագետը նաև համաձայն է այն տեսակետի հետ, որ Թուրքիայի դերակատարումը Մերձավոր Արևելքում չի կարելի գերագնահատել:
«Եթե Թուրքիայի գործողությունները Սիրիայի հարցում հակասության մեջ մտնեն գերտերությունների շահերի հետ, ուժային կենտրոնները կգտնեն Թուրքիայի վրա ազդելու, ճնշում գործադրելու մեխանիզմներ»,- նշեց Անուշ Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում