Սոցիոլոգ. «Երկրի նախագահից պետք է ակնկալենք ավելի ակտիվ գործողություններ»
2013 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավին մասնակցող հնարավոր թեկնածուներից ներկայումս ամենաբարձր վարկանիշն ունի Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հրապարակելով հասարակական ուսումնասիրությունների արդյունքները՝ հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Ըստ բանախոսի՝ վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Եթե նա առաջադրվի, սոցիոլոգի խոսքով՝ երրորդ տեղում կլինի ՀԱԿ առաջնորդը, նրան կհաջորդի «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Նրանց կհաջորդի ՀՅԴ ներկայացուցիչը, կապված թե ում կառաջադրի այդ քաղաքական ուժը՝ կամ Վահան Հովհաննիսյանը կամ Արմեն Ռոստամյանը»,-նշեց նա, շեշտելով, որ վարկանիշային այս ցանկը՝ Ծառուկյանի չառաջադրվելու դեպքում կարող է փոփոխվել:
«Եթե Ծառուկյանը չառաջադրվի՝ երկրորդ կամ երրորդ տեղում կարող է հայտնվել Րաֆֆի Հովհաննիսյանը, քանի որ վերջինիս դիրքերն ավելի լավ են, քան Տեր-Պետրոսյանինը», - նշեց սոցիոլոգը:
Ա.Ադիբեկյանի կարծիքով՝ ՀՀԿ առաջնորդը վարկանիշային աղյուսակում առաջատար է, քանի որ ակտիվ քաղաքական քայլեր է նախաձեռնում ու իրականացնում հատկապես վերջին շրջանում: «Սակայն պետք է երկրի նախագահից ակնկալենք ավելի ակտիվ գործողություններ», - հավելեց նա:
Սոցիոլոգը տեղեկացրեց, որ բավական ընկել են Տիգրան Կարապետյանի, Պարույր Հայրիկյանի, Արամ Կարապետյանի վարկանիշները, և նրանց պետք չէ դիտարկել որպես նախագահական ընտրությունների լուրջ թեկնածու: Նրա խոսքով՝ եթե ՀՅԴ-ի ձայները չպառակտվեն, այդ քաղաքական ուժի թեկնածուն կարող է հավաքել մինչև յոթ տոկոս ձայն:
Անդրադառնալով ապագա քարոզարշավի ծրագրային դրվագներին, սոցիոլոգը նկատեց, որ ի տարբերություն Սերժ Սարգսյանի՝ ԲՀԿ առաջնորդը չի խոսում երկրի զարգացման առաջընթացի համար կարևոր թեմաների` արտաքին քաղաքականության, հայ-թուրքական արձանագրությունների, ղարաբաղյան կարգավորման մասին, այլ ավելի շատ խոսում է սոցիալ -տնտեսական խնդիրներից՝ իր խոսքն ուղղելով հասարակ ժողովրդին:
«ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին «Տարվա մարդ» կոչումը շնորհելը չի բարձրացնի նրա վարկանիշը: Ծառուկյանը հիմա ավելի պասիվ է, խորհրդարանական ընտրություններին նա հանդիպում էր ուսանողների, ակադեմիկոսների հետ, իսկ հիմա ուղղակի պասիվացել է», -հավելեց Ա.Ադիբեկյանը:
Նրա խոսքով՝ նախագահական ընտրություններին ընդառաջ ժողովուրդն ակտիվություն է ակնկալում քաղաքական գործիչներից, քանի որ ընտրողների 20 տոկոսը դեռ կողմնորոշված չէ, իսկ այդ թիվը բավականին լուրջ ցուցանիշ է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում