Ս. Բալասանյանը գտել է նախկին քաղաքապետի տեղադրած 6 «ժուչոկները»
«Առավոտը», վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ օրեր առաջ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնասենյակի պատերը քանդուքարափ արած Սամվել Բալասանյանի ջանքերը ապարդյուն չեն անցել, նա այնտեղից 6 «ժուչոկ» է հայտնաբերել: Միգուցե շատերին սա առասպելի ժանրից թվա, սակայն թերթի աղբյուրները հավաստիացնում են, որ այն հարյուր տոկոսանոց ճշմարտություն է: Նրանց մեկնաբանմամբ` եթե Սամվել Բալասանյանը լուրջ տեղեկություններ չունենար «ժուչոկների» մասին, չէր ստանձնի «ռեմոնտի» գործը, որն անչափ ծախսատար է ընտրածախսերի ու Վարդան Ղուկասյանի թողած պարտքերի ֆոնին:
Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը հերքել է այս տեղեկությունը՝ փոխանցելով, որ այն իրականությանը չի համապատասխանում: «Մինչդեռ պարոն Բալասանյանի շրջապատից որոշ մարդիկ պնդում են, որ նորընտիր քաղաքապետը պաշտոնապես հերքելուց զատ` այլ տարբերակ չուներ, հաստատելու դեպքում ստիպված է «Չայկայի» պատմության օրն ընկնել` դիմել ոստիկանությանը, քանի որ տվյալ դեպքում գաղտնալսմամբ խախտվում է ոչ միայն նրա անձնական կյանքի իրավունքը, այլև ոտնահարվում է հանրային շահը: Իսկ անընդհատ ոստիկանության դռներն ընկնելը այնքան էլ պատվաբեր չէ գյումրեցի պաշտոնյայի համար»,- գրում է թերթը: