Էպոսագետ թեկնածուն պատրաստ է վճարել Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրագրավը
Նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին մի քանի ամիս առաջ հայտարարած թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը պատրաստ է վճարել «Ժառանգություն» կուսակցության առաջանորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրագրավը: Այս մասին, ըստ «Արմատ մամուլի ակումբի տարածած հաղորդագրության, էպոսագետը կխոսի երկուշաբթի տեղի ունենալիք ասուլիսում:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը օրեր առաջ հայտարարել է նախագահական ընտրություններում իր մասնակցության մասին:
«Հրապարակ» թերթը օրերս գրել էր, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ գումար չունի և որոշել է հանդես գալ մի նորամուծությամբ՝ ընտրագրավը հավաքագրել իր համախոհներից։ Կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը երեկ թերթին ասել է, թե դա նոր մշակույթ է, և այն պետք է տարածվի մեր երկրում. «Մենք ուզում ենք` քաղաքացիները փայատեր դառնան ձևավորվող իշխանությանը և սիմվոլիկ ներդրում ունենան»։
Մեկ այլ թեկնածուի կողմից Հովհաննիսյանի ընտրագրավը վճարելու պատրաստակամության վերաբերյալ Panorama.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Հովսեփ Խուրշուդյանից: Նրա բջջային հեռախոսն անհասանելի էր: