Պետպատվերով բուժման մասին. «Իզուր հույսեր մի տա խեղճ ժողովրդին: Թող անտեղի չհասնեն Երևան`քամակին քացի ստանալու համար»
Նյութը վերցված է anushanahit. livejournal.com-ից: Հեղինակն անդրադարձել է պետպատվերի շրջանակում բուժվելու դժվարություններին: Հրապարակումը Panorama.am-ը ներկայացնում է առանց փոփոխությունների: Խմբագրությունը պատրաստ է հրապարակել և առողջապահության նախարարության, և ուռուցքաբանական կենտրոնի արձագանքները:
«Ինչո՞ւ է պետպատվերը Հայաստանում ձևական բնույթ կրում: Որևէ մի հասարակ մարդ առանց միջնորդության ու քաշքշուկների բուժված կա՞ պետպատվերի շրջանակում: Էսօր դա գրեթե անհնար է:
Պետպատվերը կարծես այցեքարտ լինի, որ քամակիդ քացով տան` ու առանց բուժելու ճանապարհեն:
Բա էլ ինչներիս է պետք չգործող օրենքները:
Ինձ մոտ էն տպավորությունն է, որ եթե վերևները ուզենան, ներքևում պետպատվերը կաշխատի:
Տաքսիով Երևանից վերադառնում էի Վանաձոր, քաղաքի վերջում ամուսիններ կանգնեցրին մեքենան, խնդրեցին, որ հասցնենք Վանաձոր, էնտեղից էլ Ստեփանավան պիտի գնային:
Մեքենայի մեջ պատմեցին, որ Ֆարաջյանում տանում բերում են,որ պիտի հերթագրվեն, որ դեռ չեն կարող, որ շատ հիվանդներ ունեն...
Արդեն քանի անգամ անիմաստ գնացել եկել են:
Եթե իմ ասածը կդիտվի որպես բամբասանք, ընդամենը պետք է գնալ ուռուցքաբանական, մտնել որևէ բաժանմունք ու խոսեցնել միջանցքներում դես ու դեն գնացող հիվանդներին:
Հ.Գ. Բոլորս գիտենք, որ բուժումը եթե հետաձգես թեկուզ մի շաբաթով, արդեն շատ ուշ կլինի: Անվերադարձ ուշ:
Մարդիկ ով ոնց կարողանում է պետպատվեր է հայթհայթում իր շրջանում, որը վստահ եմ հեշտ բան չի, ու գալիս են Երևան մեծ հույսերով: Բուժվելու ու ապրելու հույսով: Ու էստեղ էլ սկսվում է «կոշմարը»:
Սա կարծես ներքին հրաման լինի: Համատարած:
Ասելիքս ի՞նչ է: Եղբայր, հանիր էտ բեռը քո ուսերից, եթե չես կարողանում կրել: Իզուր հույսեր մի տա խեղճ ժողովրդին: Թող անտեղի դրամ չծախսեն հասնեն Երևան ` քամակին քացի ստանալու համար:
Կարելի է չէ՞, ազնվորեն ասել` ես քեզ չեմ բուժելու, եթե փող չունես: Ու թատրոնը կվերջանա:
Հ.Գ.Հիմա մի ուրիշ բան: Էս միամիտ Լոռեցիները չգիտես ինչու հյուրանոց են սկսել փնտրել, որ գիշերեն ու առավոտը ճամփա ընկնեն: Ուր գնացել են` թանկ է եղել: Մի տաքսու վարորդ ասել է, ես գիտեմ ձորում էժան է համեմատաբար, մի 15 000 դրամ: Իջել են ձորի հյուրանոցներից մեկը, պարզել են, որ ժամն է 15 000 դրամ: Ու էսպես մնացել էն դուրսը, առանց ծանոթ-բարեկամի: Որոշել են քաղաքի վերջում կանգնեն, դեպի Վանաձոր մայրուղու վրա, գուցե մեկը կվերցնի: Մեզ մոտ էլ իջան քաղաքի սկզբում, որ գնային Ստեփանավան: Գիշերվա ժամի երեքն էր: Չեկան մեր տուն, ասեցին արդեն շատ մոտ ենք մեր տանը, աստված էլ ողորմած է:
Ես վստահ եմ, որ քաղցկեղով հվանդ մարդուն չարժե էս կարգի տանջել ու սուտ հույսեր տալ: Կարելի է մարդավարի կամ տղամարդավարի հանել մեջտեղից էտ չգործող պետպատվերը: Հավատացեք, մարդիկ դրանից ավելի շատ կշահեն, քան կտուժեն»:
Հիշեցնենք, որ 2011-ի տարեկան զեկույցում Մարդու իրավունքների պաշտպանը ևս անդրադարձել էր խնդրին, նշել, որ չնայած 2011թ. հունվարի 1-ից ներդրվել է մինչև 7 տարեկան երեխաների անվճար հիվանդանոցային բուժօգնության հավաստագրի ծրագիրը և երեխայի առողջության անձնագիրը, սակայն, առանձին դեպքերում ծնողները ստիպված են եղել հավելյալ վճարումներ կատարել առանձին բժիշկների:
Պետպատվերի շրջանակներում իրականացվող բուժօգնության չտրամադրման և ոչ պատշաճ տրամադրման մասին վկայող Պաշտպանին ուղղված դիմում-բողոքների ուսումնասիրությունը փաստում է, որ մարդիկ` ընդգրկված լինելով պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստացող առանձին /հատուկ/ խմբերի ցանկում, հերթագրվել են նշված օգնությունը ստանալու համար համապատասխան հիմնարկում կամ ունեցել են առողջապահության նախարարության կողմից տրված ուղեգիր, սակայն բուժհաստատություններում մերժել են նրանց բուժումը կամ չեն ապահովել պատշաճ բուժօգնությամբ:
«Հաճախ պետական պատվերի շրջանակում բուժվող հիվանդների նկատմամբ դրսևորվել է անհարգալից վերաբերմունք»,-ասված է ՄԻՊ գնահատականում:
Պետպատվերի շրջանակում ընդգրկված հիվանդությունների ու սոցիալական խմբերի ցանկերին կարելի է ծանոթանալ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում