10-ամյա Լևոնին կվիրահատեն երկուշաբթի. Քաղաքացիները անտարբեր չմնացին
Գյումրեցի փոքրիկ Լևոն Այվազյանին անհրաժեշտ էր բարդ վիրահատություն, որը Հայաստանում ոչ մի մասնագետ չէր կարող իրականացնել: Մեկ շաբաթ առաջ Panorama.am-ը ներկայացրեց, որ փոքրիկի հայրը՝ Ռուբեն Այվազյանը, հուսահատ վիճակում է, քանի որ վիրահատության և հետվիրահատական շրջանի համար անհրաժեշտ է շուրջ 17 հազար ԱՄՆ դոլար (վիրահատությունն արժե 8500 դոլար), իսկ այն պահի դրությամբ, երբ մենք զրուցում էինք Ռ.Այվազյանի հետ, երեխայի անունով բացված բանկային հաշվեհամարին փոխանցվել էր ընդամենը 30 հազար դրամ:
Հրապարակումը անարձագանք չմնաց. մեկ շաբաթվա ընթացքում բազմաթիվ մարդիկ իրենց աջակցությունն են ցուցաբերել երեխային: Հաշվեհամարին փոխանցում է արել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Գյումրիի գարեջրի գործարանը՝ ի դեմս Միսակ Բալասանյանի, Կենտրոնական բանկի աշխատակազմը, ԵՊՀ և մի շարք այլ ուսումնական հաստատությունների ուսանողներ, գթասիրտ անհատներ: Անհայտ բարերարը 8500 դոլար անմիջապես հորը՝ Ռուբեն Այվազյանին էր հանձնել, ինչը հնարավորություն տվեց անհապաղ մեկնել Մոսկվա`վիրահատության:
Երեխան արդեն երեք օր է Մոսկվայում է, Բուրդենկոյի անվան նեվրովիրաբուժության ինստիտուտում: Բոլոր հետազոտություններն արդեն հետևում են, երկուշաբթի առավոտյան նրան կվիրահատեն:
Panorama.am-ի հետ հեռախոսազրույցում հուզված հայրը Մոսկվայից փոխանցեց, որ հաշվեհամարին շարունակում են գումար փոխանցել և` «Աստված տա հետվիրահատական ծախսերը ևս հնարավոր լինի հոգալ»:
Հայրը հույս հայտնեց, որ ամեն ինչ լավ կլինի և շատ շուտով իր Լևոնը կվերադառնա Գյումրի:
Նախորդիվ՝ 10-ամյա Լևոնը օգնության կարիք ունի. «Չեմ կարա թողնիմ աչքիս դեմը մարի…»
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում