ԼՂՀ ՊԲ հրամանատարը շրջել է հարավային և հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներում
Անցած երկու օրերին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը աշխատանքային շրջայց է կատարել հարավային և հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներում և ենթակա զորամասերում, հանդիպումներ է ունեցել սպայական անձնակազմի և ժամկետային զինծառայողների հետ, ծանոթացել տեղերում ընթացող գործընթացներին:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, հանդիպումների ընթացքում ՊԲ հրամանատարը խոսեց ավարտվող ուսումնական տարվա խնդիրներից, սպասվող ամփոփիչ ստուգումներից, անձնակամին ծանոթացրել է մարտական հերթապահությունում և զորքերի կենսագործունեության մյուս ուղղություններում ակնկալվող այն նորամուծություններին, որոնք միտված են առօրյա ծառայության արդյունավետության բարձրացմանն ու արտակարգ որոշ պատահարների ծնող պատճառների վերացմանը:
Մովսես Հակոբյանը, առանձնահատուկ նշել է նաև յուրաքանչյուր զորամասում արձանագրված առաջընթացի և դրական տեղաշարժերի մասին` ընդգծելով այսուհետ ևս նույն ոգով շարունակելու անհրաժեշտությունը: