Ռուբեն Հայրապետյան. «Նախագահը երկրպագում էր գեղեցիկ խաղին»
Այսօր Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետական Կուսակցության 10-րդ ավանդական մարզական խաղերի ծրագրով մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլի խաղերին հետևում էր նաև Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հանդիպումից հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին: Հայրապետյանը խոսեց ինչպես այս միջոցառման, այնպես էլ ֆուտբոլի ազգային հավաքականի մասին:
«Անչափ հետաքրքիր ու դիտարժան մրցավեճ էր, որին հետևեցի մեծ հաճույքով: Նման միջոցառումները նպաստում են ֆուտբոլի մասսայականացմանը, շփման հնարավորություն են ընձեռում, օգնում են ջերմ ու մտերիմ հարաբերությունների հաստատմանը: Թիմերը մարտական էին տրամադրված: Անգամ 2-րդ խաղակեսի ժամանակ Մալաթիա-Սեբաստիա թիմի պարգևատրության չափն ավելացվեց, որպեսզի տղաները ոգևորվեն և կարողանան հաղթել: Այս անգամ չստացվեց, սակայն նախորդ տարի հաղթեց հենց Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության թիմը: Կարևորն այն չէ, թե ով է հաղթում, գլխավորն առողջ մթնոլորտում պայքարելն է: Շատ ուրախ եմ, որ երկրպագուներն այսպես աջակցում էին թիմերին: Երկրպագելու գեղեցիկ կուլտուրա է ձևավորվել, որն անչափ հաճելի է»,- նշեց Ռուբեն Հայրապետյանը:
Այն հարցին, թե որ թիմին էր երկրպագում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՖՖ նախագահը պատասխանեց.
«Նախագահը երկրպագում էր գեղեցիկ խաղին»:
Ռուբեն Հայրապետյանը չխուսափեց նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին վերաբերող հարցերից:
«Մեծ ֆուտբոլից սպասելիքները, բնականաբար, հավաքականի հաղթանակներն են: Թեև ներկա պահին մեր ընտրանին, ինչպես նշեցիք, վարկանշային աղյուսակում անկում է ապրել, սակայն լավ կլինի, եթե այդ աղյուսակներին այնքան էլ մեծ տեղ չտանք, քանի որ դա այնքան էլ մեծ նշանակություն չունի: Այնուամենայնիվ, ամեն բան կանենք` կրկին առաջադիմելու համար:
Հավաքականը լավ մարզավիճակում է, իսկ այս պարտությունների հիմնական պատճառը ֆուտբոլիստների բացակայությունն էր` վնասվածներ և կարմիր քարտեր:
Անկեղծ ասած, ես շատ տխրել եմ, որ Սարգիս Հովսեփյանի նման տաղանդավոր ու նվիրված մարդը հեռանում է ֆուտբոլից: Հրաժեշտի խաղին Ֆուտբոլի Ֆեդերացիան մեծ ուշադրության կարժանացնի նրան, և դա կտեսնեք բոլորդ: Սարգիս Հովսեփյանի փոխարեն այժմ ավագի թևկապը կկրի Ռոման Բերեզովսկին»,- ավելացրեց Ռուբեն Հայրապետյանը: