Այրվել է նաև Հալեպի Սուրբ Գևորգ եկեղեցու գրադարանը
Արդեն երրորդ օրն է, ինչ Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաք Հալեպում է գտնվում ԱրմՌադիոյի տնօրեն, ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի գլխավոր տնօրենի տեղակալ Արման Սաղաթելյանը, ով Սիրիա էր մեկնել «Օգնիր Եղբորդ» նախաձեռնող խմբի կազմակերպած հումանիտար օգնության բեռը փոխադրող ինքնաթիռով:
Այսօր ArmRadio FM 107-ի եթերում Արման Սաղաթելյանը հաղորդել է որոշ մանրամասներ սիրիահայության կյանքից: Մասնավորապես, Նոր Գյուղ թաղամասից, որն առավել հայտնի է որպես Մեյդան, և մեծամասամբ հայաբնակ է, հատկապես կենտրոնական մասը: «Համայնքային կենտրոնի միասնական շտաբի առօրյան խիստ հագեցած է, բավականին լուրջ, ինքնակազմակերպված աշխատանք է կատարվում, սահմանվել է հերթապահություն,- նշել է Արման Սաղաթելյանը և մանրամասնել, որ հերթապահողները կատարում են գրեթե ցանկացած անհրաժեշտ աշխատանք:
Նրա խոսքով, առկա տեխնիկական միջոցները թույլ են տալիս վերահսկել տարածքը, այսպես կոչված, ազգային, հայկական շենքերը, և քանի որ կա ենթակառուցվածք ու տասնյակ կամավորներ, հնարավորություն է ստեղծվում արագ կերպով տեղեկանալ և արձագանքել թաղամասում առկա խնդիրներին` լինի դա բուժօգնություն, տարհանման կարիք, թե ցանկացած այլ անհրաժեշտ գործողություն: «Քանի որ բնակարանների զգալի մասը լքված է, այս հերթապահող խմբերը փորձում են պարեկելով պահպանել գույքը, սեփականությունը` թույլ չտալով կամավոր, ապօրինի բնակեցում կամ գողություններ: Մարտական գործողություններից հատկապես տուժել է շրջանի ծայրամասում գտնվող 4-րդ թաղամասը, որտեղ շենքերի զգալի մասը փլուզված է, բնակիչներ գրեթե չկան: Եվ հենց այդ թաղամասում է գտնվում հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին, որը մոտ 20-25 օր առաջ ամբողջությամբ այրվել է: Ցավոք, ոչնչացվել է ոչ միայն գույքը, այլ նաև նկուղային տարածքը, որտեղ գտնվում էր գրադարանը»,- ասել է նա:
Արման Սաղաթելյանը նշում է ուշագրավ մի փաստ ևս. հաճախ շենքերի պատուհաններին, փողոցներում և խաչմերուկներում կարելի է նկատել սավաններ, յուրատեսակ վարագույրներ` վերմակներից ու սփռոցներից, որոնց հիմնական նպատակը դիպուկահարներին խոչընդոտելն է, յուրատեսակ պատնեշ ստեղծելը: Այսպիսով բնակիչները փորձում են զրկել հնարավոր տեսադաշտից այն դիպուկահարներին, որոնք թաքնվում են փողոցների երկայնքով: Այսպիսի տեսարաններ կան քաղաքի տարբեր թաղամասերում, որտեղ երեկ կրկին լսվում էր փոխհրաձգություն, պայթյուններ, ամենուրեք զինվորականներ Էին շրջում: «Սակայն, այսօր էլ, ինչպես և նախորդ օրերին, նկատելի է, որ քաղաքը շարունակում է ապրել իր կյանքով,- ArmRadio FM 107-ի եթերում Հալեպից հաղորդել է ԱրմՌադիոյի տնօրեն, ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի գլխավոր տնօրենի տեղակալ Արման Սաղաթելյանը:
Նախորդող նորություն` Ի՞նչ է կատարավում այս պահին Հալեպում. Հաղորդում է Արման Սաղաթելյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան