Ռ. Սարգսյան. Հաշմանդամություն ունեցող երիտասարդները պատրաստ են «սխրանքների», միայն թե տրվի հնարավորություն
Այսօրվա երիտասարդները շատ ակտիվ են: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը` խոսելով օրվա հերոսների` երիտասարդների մասին:
Այսօր երիտասարդների համերաշխության օրն է:
Ըստ քանդակագործի, այսօր կան մի խումբ երիտասարդներ` սերուցք, որի վրա է խարսխվում երիտասարդության քաջալերումը: Արվեստագետը ցանկանում է, որ հայրենասիրությունը, պայքարելու ձգտումը միշտ լինի երիտասարդների հոգում, ոչ թե շուրթերի վրա, թեև, ըստ նրա, շատացել են հղփացած երիտասարդները:
«Պակասել են հայրենասեր երիտասարդները, քանի որ շատացել են հաճույքի վայրերը` սրճարանները, ռեստորանները»,- նշեց արվեստագետը:
«Հայաստանի հաշմանդամների Փյունիկ միություն» ՀԿ ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանն ասուլիսում խոսելով հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասին, ասաց, որ նրանք իրենք լիարժեք են զգում այն դեպքում, երբ որ աշխատում են. «Եթե աշխատելու հնարավորություն են ունենում, 360 աստիճանով փոխվում են, փոխվում է նրանց վերաբերմունքը կյանքի նկատմամբ»:
Ռ. Սարգսյանն ասաց, որ վերջին տարիներին Հայաստանում փոխվել է վերաբերմունքը հաշմանդամների նկատմամբ, թեև չեն կարող ասել, որ հաշմանդամների իրավունքները լիարժեքորեն պաշտպանված են:
Միամանակ նա նշեց, որ այսօր հաշմանդամություն ունեցող երիտասարդները բավականին ակտիվ են, «պատրաստ են սխրանքների», միայն, եթե տրվի հնարավորություն, հավասար պայմաններ մյուս երիտասարդների նման, որպեսզի ակտիվ գործեն, ինտեգրվեն այդ հասարակությանը: