Կադրային փոփոխություններ ԼՂՀ ՊԲ-ում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր գեներալ-մայոր Կամո Վարդանյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ նշանակելու մասին՝ ազատելով նրան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի պաշտոնից։
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, մեկ այլ հրամանագրի համաձայն` գնդապետ Միքայել Արզումանյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար՝ ազատվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի պաշտոնից։
Նախագահը ստորագրել է նաև հրամանագիր գնդապետ Վաչագան Ներսիսյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար նշանակելու մասին՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այս տարվա հոկտեմբերի 26-ին հրամանագիր է ստորագրել գեներալ–մայոր Լյովա Մնացականյանին ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին` այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ:
2012թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Լյովա Մնացականյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին: