Հայաստանի ծանրորդները 6 մեդալ նվաճեցին համաշխարհային ուսանողական առաջնությունում
Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտվեց ծանրամարտի համաշխարհային ուսանողական երրորդ առաջնությունը:
94 կգ քաշայինների պայքարում արծաթե պարգևի արժանացավ Վարդան Դավթյանը: Նա միայն անձնական ծանր քաշի պատճառով զիջեց մրցակցին ` ռուս Եգոր Կլիմանովին: Երկու ծանրորդներն էլ երկամարտում ցույց տվեցին միևնույն` 377 կգ արդյունքը, սակայն հաղթողի կոչմանն արժանացավ Կլիմանովը:
Վերջին օրը պայքարի մեջ մտած գերծանրքաշայինների մրցավեճին մասնակցում էին նաև մեր երկրի երկու պատվիրակներ: Այստեղ էլ կրկնվեց նախորդ քաշային կարգի սցենարը: Հայկ Հակոբյանը և ռուսաստանցի Էդուարդ Մեժգիկովը երկամարտում արձանագրեցին 402 կգ: Մեր մարզիկը բավարարվեց «արծաթով», քանզի կրկին դեր խաղաց անձնական քաշի գործոնը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Անդրանիկ Հովհաննիսյանը բավարարվեց չորրորդ տեղով (355 կգ):
Այսպիսով` ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Պողոսյանի գլխավորած հավաքականի ութ ծանրորդներից վեցը համաշխարհային ուսանողական առաջնությունում արժանացան մեդալների (4 արծաթե, 2 բրոնզե):