«Հայաստան» համահայկական հիմնադրամը հանրագիտարաններ է նվիրաբերել ավելի քան երկու տասնյակ դպրոցի
«Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012»-ի շրջանակներում և հայոց գրատպության 500-ամյակի առիթով, «Հայաստան» hամահայկական հիմնադրամը պատմական և բնագիտական հանրագիտարաններ ու գիտադարաններ է նվիրաբերել Հայաստանի երկու տասնյակից ավել դպրոցների, ինչպես նաև Շուշիի Աբովյանի անվան դպրոցին: Այս մասին հայտնում են Հիմնադրամից:
Այս ձեռնարկով Հիմնադրամը միանում է տարվա ընթացքում տեղ գտած և մինչև 2013թ ապրիլի 23-ը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում իրականացվելիք գրատպության, ընթերցանության և գրավոր արժեքներին նվիրված միջոցառումներին:
Վերջին տարիներին Հիմնադրամն այսպիսի նախաձեռնությամբ հանդես է եկել, մասնավորապես՝ Հայաստանի ու Արցախի այն մի քանի տասնյակ համայնքներում, որտեղ համայն հայության ջանքերով կառուցել կամ հիմնանորոգել է կրթօջախներ` դպրոցներ, գրադարաններ, մշակութային կենտրոններ: Այս ձեռնարկը նպատակ ունի գեղեցիկ ու լուսավոր դասասենյակների հետ միասին պատանիներին փոխանցել այն սերն ու հետաքրքրությունը, որ հայ ժողովուրդն ունեցել է դպրության, մշակույթի ու գիտության նկատմամբ, և ինքնության պահպանման ու գոյատևման երկարամյա պատմության ընթացքում փոխանցել է մեզ` ոսկետառ մատյանների հետ միասին:
«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի խոսքով` հայրենիքի վերաշինությանն ուղղված աշխատանքները երկրում առաջընթաց ապահովում են միայն այն դեպքում, երբ դրանք զուգակցվում են մշակույթի ու դպրության պահպանմանն ուղղված համընդհանուր ջանքերի հետ: «Մենք ցանկանում ենք գիրքը վերադարձնել մեր պատանիների սեղաններին», - ասում է Արա Վարդանյանը:
Մասնավորապես հանրագիտարաններ ու գիտադարաններ ստացան Երևանի Ստ.Զորյանի անվ.թիվ 56, Լևոն Շանթի անվ.թիվ 4, Եղիշե Չարենցի անվ. թիվ 67, Հայրապետ Հայրապետյանի անվ. թիվ 78, Մուշեղ Գալշոյանի անվ. թիվ 148, Խրիմյան Հայրիկի անվ.թիվ 10, Վահան Տերյանի անվ. թիվ 60, Չեխովի անվ.թիվ 55, Խաչիկ Դաշտենցի անվ. թիվ 114, Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19, թիվ 45, թիվ 64 դպրոցները, «Օլիմպոս» կրթահամալիր-ավագ դպրոցը, խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների թիվ 8 հատուկ կրթահամալիրը, Բաղրամյանի միջնակարգ դպրոցը, Էջմիածնի Գորկու անվ. թիվ 5 դպրոցը, Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի Վերժինե Ադամյանի անվ.դպրոցը, Տավուշի մարզի Դիտավանի դպրոցը, Լոռու մարզի Չկալով և Արծնի գյուղերի դպրոցները, Շուշիի Աբովյանի անվան դպրոցը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա