«Հան-ցա-գործ-ներ, ա-մոթ». Վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտվիստների դատն անցավ լարված մթնոլորտում
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գևորգյանի և Արտակ Կարապետյանի դատավարությունը ընթացավ լարված մթնոլորտում: Նախ, նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը` նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին հարցաքննության կանչելու մասին: Նշենք, որ ըստ պաշտպանական կողմի քրեական գործը Տիգրան Առաքելյանի դեմ հարուցվել էր նրա ուղղորդմամբ:
Բացի դրանից, դատարանը մերժեց նաև պաշտպանական կողմի ևս մի քանի միջնորդություններ. մասնավորապես նրանք միջնորդել էին դատարանում հարցաքննության կանչել մյուս ակտիվիստներ Արեգ Գևորգյանին, Վահագն Գևորգյանին և Սահակ Մուրադյանին, որոնց մասով քրեական գործն ավելի վաղ կարճվել էր, ինչպես նաև փաստաբան Վահե Հովսեփյանին:
Պաշտպանական կողմի այս միջնորդությունների մերժման մասին հայտարարելուց հետո դատարանում լարվածություն առաջացավ, Տիգրան Առաքելյանը բողոքեց դատարանի այդ որոշումների կապակցությամբ, իսկ դատավորն էլ սանկցիա կիրառեց ամբաստանյալի նկատմամբ` նրան դահլիճից հեռացնելով: Տիգրան Առաքելյանին դահլիճից հեռացնելու մասին դատավորի հայտարարությանը դահլիճում ներկաները բուռն արձագանքեցին, բացականչելով. «Հան-ցա-գործ-ներ, հան-ցա-գործ-ներ, ա-մոթ, ա-մոթ»: Այնուհետև դատավորի որոշմամբ, դատարանից հեռացվեց նաև ամբաստանյալ Դավիթ Քիրամիջյանը:
Այսօրվա նիստում դատաքննության փուլն ավարտվեց, պաշտպանական ճառեր չհնչեցին, և նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը ու մյուս երկու դատավորները հեռացան խորհրդակցական սենյակ: Վերաքննիչ քրեական դատարանի վճիռը կհրապարակվի վաղը` նոյեմբերի 13-ին, ժամը 12:00-ին:
Հիշեցնենք` հուլիսի 20-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով, Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման: Մյուս ակտիվիստներ Արտակ Կարապետյանը դատապարտվել էր 3 տարի ազատազրկման, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելանը, Արտակ Կարապետյանը, Դավիթ Քիրամիջյանն ու Սարգիս Գևորգյանը մեղադրվում են 2011-ի օգոստոսի 9-ին ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի համար:
Հարակից լուր. Դատավորը դահլիճում քմծիծաղող էր փնտրում. ՀԱԿ ակտիվիստների գործը Վերաքննիչ դատարանում է