Հովսեփ Խուրշուդյան. Վարդան Սեդրակյանի առաջարկը կոռեկտ չէ
«Պարոն Սեդրակյանի կողմից Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրամին 8 միլիոն դրամ նվիրատվություն անելու առաջարկը կոռեկտ չէ»,- Panorama.am-ի հետ զրույցում մեկնաբանելով նախագահական ընտրություններում Ր. Հովհաննիսյանի ընտրագրավը վճարելու մասին նախագահի թեկնածու առաջադրվող, էպոսագետ Վարդան Սեդրակյանի հայտարարությունը, ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
«Մեզ համար անհասկանալի է, թե որտեղի՞ց է ենթադրել պարոն Սեդրակյանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չունի բավական գումար՝ սեփական ընտրարշավի ընտրագրավը վճարելու համար: Նման բան «Ժառանգություն» կուսակցությունից որևէ մեկը չի ասել: Ինչ վերաբերում է Ր. Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ ինքը պատրաստվում է քարոզարշավը իրականացնելու համար իր հիմնական միջոցները համալրել նաև քաղաքացիների նվիրատվություններով, այսինքն դրամահավաք իրականացնել, ասեմ, որ օրենքի պահանջն է դա, որի համաձայն՝ նախընտրական հիմնադրամները ձևավորվում են հենց նվիրատվությունների միջոցով: Ընտրություններում թեկնածուն այլ ֆինանսական աղբյուր չի կարող ունենալ, ընդ որում՝ օրենքով սահմանված չափաբաժիններով, որոնք էապես նվազ են 8 միլիոն դրամից մեկ անձի համար: Հետևաբար, եթե պարոն Սեդրակյանը չի պատրաստվում փոխել իր որոշումը և չառաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, այսինքն մնալ մրցակից նախագահի այլ թեկնածուների համար, ապա կոռեկտ չէ իր կողմից նման առաջարկ անելը: Այլ հարց է՝ եթե նա պատրաստվում է չառաջադրվել և սատարել Ր. Հովհաննիսյանին: Այդ դեպքում, օրենքով սահմանված ցանկացած նվիրատվություն ցանկացած քաղաքացու կողմից, ով մեր մրցակիցը չէ, այլ սատարողն է, մենք սիրով կընդունենք: Բայց վախենամ, որ պարոն Սեդրակյանը տեղյակ չէ օրենքի դրույթներից, որովհետև որպես ֆիզիկական անձ 8 միլիոն դրամ նա չի կարող նվիրաբերել Ր. Հովհաննիսյանի հիմնադրամին: Եթե նա պատրաստվում է այդպես կառավարել երկիրը, այդպիսի նախագահ լինել, ով տեղյակ չէ օրենքներից կամ տեղյակ լինելով նախագահ չդարձած արդեն խախտում է օրենքները, ապա կարծում եմ, որ ինքը ճիշտ ճանապարհ չի ընտրել»,- նշեց Հովսեփ Խուրշուդյանը:
Նախորդող` Վ. Սեդրակյանը պատրաստ է վճարել Ր. Հովհաննիսյանի ընտրագրավը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում