Իրանի ԱԳ նախարար. Միայն հոգևոր առաջնորդի լիազորությամբ է հնարավոր ԱՄՆ-ի հետ ուղղակի երկխոսություն վարել
Միայն հոգևոր առաջնորդի լիազորությամբ է հնարավոր ԱՄՆ-ի հետ ուղղակի երկխոսություն վարել:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին:
ԻԻՀ արտաքին գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղղակի բանակցություններ վարելու հնարավորության թեմային, մասնավորապես նշել է. «Միացյալ նահանգների հետ անուղղակի բանակցություններ վարելու նախադեպ մենք արդեն իսկ ունեցել ենք Իրաքի և Աֆղանստանի հարցում, ներկայում ևս միջուկային ծրագրի շրջանակներում Իրանի և «5+1» խմբի (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) շրջանակներում մենք անուղղակիորեն բանակցում ենք, սակայն ինչ վերաբերում է ուղղակի երկխոսությանը, ապա դա ամբողջովին գտնվում է ԻԻՀ հոգևոր առաջնորդի լիազորությունների ներքո»:
Նշենք, որ ԻԻՀ սահմանադրության համաձայն՝ հոգևոր առաջնորդը հանդիսանում է երկրի ԶՈւ գերագույն հրամանատարը և նրա լիազորությամբ է մշակվում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները:
Նկատնեք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 1979թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո: Ներկայում Թեհրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը: