Ո՞վ է պատասխան տալու երեխայի առողջական խնդիրների համար. ՄԻՊ-ը սպասում է ԱՆ պատասխանին
«Զավեն Հովսեփյանի կինը զույգ երեխա էր սպասում, հղիության չորրորդ ամսում երեխաներից մեկը մահացել էր: «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում հրաժարվել էին հեռացնել պտուղը` պնդելով, որ մյուսը լրիվ առողջ է և անհրաժեշտություն չկա հեռացնելու: Մինչդեռ Զավենը մտավախություն ուներ, որ մյուս երեխան հնարավոր է ծնվելուց հետո առողջական խնդիրներ ունենա»: Այս պատմությունը ներկայացված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում, որից տեղեկանում ենք նաև, որ այդուհանդերձ՝ երեխան ծնվելուց հետո երկու բարդ վիրահատություն է տարել` 3 ամսեկանում սրտի վիրահատություն, իսկ 8 ամսեկանում `գլխի վիրահատություն: Վիրահատել է նաև Զ.Հովսեփյանի կինը:
Եվ այսօր Զավեն Հովսեփյանը պահանջում է, որ իր կնոջ հղիության ընթացքի համար պատասխանատու բոլոր բժիշկները ստանան իրենց արժանի պատիժը: Այդ պահանջով նա նաև դիմել է Առողջապահության նախարարություն, սակայն ապարդյուն.
Հոկտեմբերին Զ. Հովսեփյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և դիմումի մեջ ներկայացրել պատմությունը: Մատնանշել, որ կինը հղիության վերջին չորս ամիսների ընթացքում չորս անգամ դոպլեր հետազոտություն է անցել, սակայն բժիշկներ այդպես էլ ոչ մի կասկածելի բան չեն հայտնաբերել երեխայի մոտ:
Զավենն ունի չորս անչափահաս զավակ, ընտանիքն ապրում է վարձով, սոցիալապես ծանր պայմաններում: «Հիվանդանոցային և բուժման ծախսերը հոգալու համար այլևս պարտք անելու տեղ չի մնացել», -իր դիմումի մեջ նշել էր քաղաքացին:
Պաշտպանը Զավեն Հովսեփյանի խնդրի կապակցությամբ գրություն է ուղարկել Առողջապահության նախարարություն, որտեղից ի պատասխան հայտնել են, որ Զավեն Հովսեփյանի կնոջ բուժօգնության տրամադրման գործընթացն ուսումնասիրելու համար հոկտեմբերի 30-ին ստեղծվել է հանձնաժողով, իսկ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն Պաշտպանին:
Ի հավելում նշված է, որ անցյալ շաբաթ Զ.Հովսեփյանը հայտնել է, որ երեխայի վիճակը կրկին վատացել է, նա հիվանդանոցում է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են