«Pravda.ru». Մեծ Քուրդիստանը ստեղծման ճանապարհին է
Մեծ Քուրդիստանը ստեղծման ճանապարհին է: Այս մասին գրում է «Pravda.ru » պարբերականը:
«Իրաքի Քուրդիստանը շուտով անկախություն ձեռք կբերի, Սիրիայի և Թուրքիայի քրդերը, ընդհանուր ղեկավարման ներքո, տարածքներ են ստեղծում, իսկ իրանական քրդերը միավորվում են:
Քրդերը կոմպակտ ապրում են Թուրքիայի տարածքում՝ 12-15 միլիոն, Իրանում և Սիրիայում՝ 7,5 միլիոն, իսկ Իրաքում՝ 4-4,5 միլիոն: Բոլոր այս երկրներում, բացառությամբ Իրանի, քրդերն այստեղ կազմում են երկրորդ ամենամեծ էթնիկ խումբը:
Քրդական հասարակությունն ամենաուժեղ դիրքն ունի Իրաքում: Այստեղ քրդերին ընդամենը մեկ քայլ է մնում հասնելու անկախության, որտեղ նրանք ունեն մեծածավալ ինքնավարություն:
Թուրքիայում այսօր քրդական խնդիրն առավել սուր է դարձել: Այստեղ անկախության համար պայքար է մղում «Քուրդիստանի աշխատավոր կուսակցությունը», որը Արևմուտքի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ամեն ինչ անում է քրդերի հետ հաշտվելու համար: Սակայն նա շատ մեծ սխալ թույլ տվեց, դավաճանեց Սիրիայի նախագահ Բաշա ալ Ասադին, ում հետ վերջինս քրդական խնդրում միասնական դիրքորոշում ուներ: Արդյունքում պատերազմը հասավ Թուրքիայի սահմաններ: Դրանից էլ օգտվեց «Քուրդիստանի աշխատավոր կուսակցություն» և նոր պատերազմ հայատարարեց Էրդողանին»,-գրում է պարբերականը:
«Ինչ վերաբերվում է Սիրիայի քրդերին, ապա այստեղ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը նրանց ինքնավարություն է տրամադրել՝ իր տարածքները պաշտպանելու համար:
Իրանում այնպիսի տպավորություն է, որ կարծես քրդեր ընդհանրապես չկան: Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհը Անկարա կատարած այցելության ժամանակ հայտարարել է, որ քուրդ ապստամբները ընդհանուր խնդիր են ստեղծել Թուրքիայի և Իրանի համար: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր վտանգավոր խաղն է տանում քրդերի հետ: Սակայն որքան ուժեղ են քրդերը, այնքան ավելի շատ նրանք կձգտեն ստեղծել Մեծ Քուրդիստան: Այսպիսով, եթե Իրաքի Քուրդիստանը դառնա անկախ, իսկ Սիրիայում սալաֆիտները իշխանության գլուխ չգան, քրդերը իրական հնարավորություն ձեռք կբերեն միանալու համար»,-գրում է «Pravda.ru »-ն: