Կայացել է Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի հանդիպումը
Պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից: Ըստ աղբյուրի, նախագահները գոհունակությամբ փաստել են հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը, ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ջերմ բարեկամական առնչությունները ամուր հիմք են միջպետական առանձնաշնորհյալ հարաբերություններ զարգացնելու և ավելի ամրապնդելու գործում:
Երկուստեք շեշտվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակը պահպանելու, Հայաստանում Ֆրանսիայի տնտեսական ներկայությունն ընդլայնելու և երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճը խթանելու կարևորությունը:
Նկատի առնելով Հայաստանի անդամակցությունը ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը՝ Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը մշակութային, գիտական կապերի ընդլայնմանը պետական և հասարակական լայն աջակցության շարունակականութան ապահովման ուղղությամբ:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացների շուրջ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում Ֆրանսիայի մշտական աջակցության համար:
Հանդիպման ավարտին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի անունից՝ ի պատիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի տրվել է ճաշ, որին մասնակցել են նաև Ֆրանսիայի հայ համայնքի ճանաչված ներկայացուցիչներ: