Սաֆրաստյան. ԱՄՆ արտաքին քաղաքականությունը մեծապես պայմանավորված կլինի տարածաշրջանային զարգացումներով
ԱՄՆ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում որոշակի փոփոխություններ կկրի: Անդրադառնալով ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Ես համաձայն չեմ հնչող այն տեսակետների հետ, որ ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում չի ենթարկվի փոփոխությունների: Իմ խորին համոզմամբ, կարևոր է, ոչ թե այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում վերընտրվել է գործող նախագահը և մոտեցումները մնացել են նույնը, այլ այն, որ Մեծ մերձավոր Արևելքի տարածաշրջանը, որի մաս է կազմում Հարավայի Կովկասը, գտնվում է շատ արագ, դինամիկ փոփոխությունների մի փուլում: Այդ փոփոխությունների, ոչ ռիթմը, ոչ ընթացքը, և ոչ էլ վերջնական արդյունքը դեռևս ոչ ոքի պարզ չեն»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը
«Ես կարծում եմ, որ Բարաք Օբամայի նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը մեծապես պայմանավորված կլինի տարածաշրջանային զարգացումներով, այլ ոչ թե Սպիտակ տան մոտեցումներով»,- հավելեց բանախոսը:
Վերջինիս կարծիքով, ԱՄՆ-ը արտաքին քաղաքականությունը փոփոխություններ կկրի նաև ԱՄՆ արտաքին գորատեսչության ղեկավարի` պետքարտուղարի պաշտոնում նոր գործչի ի հայտ գալու հետ կապված:
Ռ. Սաֆրաստյանը, շեշտելով, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր պաշտոնավարման ընթացքում երկու անգամ այցել է Հարավային Կովկաս, կարծիք հայտնեց, որ Բարաք Օբամայի նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում ԱՄՆ ուշադրությանը սևեռված կլինի Սիրիայի և Իրանի վրա:
Ինչ վերբերում է ԼՂ հկամարտության խաղաղ կարգավորմանը գործընթացին,ապա ըստ բանախոսի, հավանական է, որ Սպիտակ տունը Մադրիդյան սկզբունքների շրջանակում հանդես գա նոր նախաձեռնություններով:
Ռ. Սաֆրաստյանը շեշտեց, որ Բարաք Օբամայի նախագահության առաջին ժամկետի ընթացքում Միացյալ Նահանգները ԼՂ համակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջատար դերակատարությունը զիջել էին Ռուսաստանին: Սակայն ներկայումս Թուրքիայի տարածաշրջանային դերը կտրուկ աճել է և պաշտոնական Անկարան կփորձի այդ հանգամանքը ԼՂ հակամարտության գործընթացում ևս բանեցնել, ինչն, իր հերթին, կարող է հանգեցնել Միացյալ Նահանգների քաղաքականության ակտիվացման: