Հունվար-սեպտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 9.4%-ով
Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 603 հազար զբոսաշրջիկ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 9.4%-ի աճ: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:
«Աճի տեմպը հուսադրող է: Կարծում եմ, որ կունենանք երկնիշ աճ և կհատենք 800 հազարի սահմանագիծը»,- նշեց Ա.Պետրոսյանը:
Նրա խոսքերով` սա լավ արդյունք է, և իրենց կանխատեսումներով իրատեսական է, որ տարեվերջին կարձանագրեն 800 հազար տուրիստական այցելություն:
«Սա այն դեպքում, երբ միջազգային տուրիզմը դեռ չի հաղթահարել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները»,- ասաց փոխնախարարը` հավելելով, որ այս տարվա ընթացքում զբոսաշրջության ոլորտում գրանցված զարգացման դինամիկ տեմպերը շարունակական և անընդհատ բնույթ կրող երկարատև աշխատանքի արդյունք են՝ պայմանավորված լինելով հստակ մշակված քաղաքականությամբ և իրականացված միջոցառումներով։
Ա.Պետրոսյանը նշեց, որ ներկայումս համաշխարհային տուրիզմը աճում է 3-4%-ով և ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունն ակնկալում է, որ այս տարի զբոսաշրջային այցելություններն աշխարհում կհատեն 1 մլրդի սահմանը: «Բոլորը սպասում են այդ պատմական իրադարձությանը»,-ընդգծեց փոխնախարարը:
Ա.Պետրոսյանը նշեց, որ արտագնա տուրիզմը նույնպես աճ է արձանագրել: Մասնավորապես, այս տարվա հունվար-սեպտեմբերին հանրապետությունից մեկնել է 608174 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.4%-ով: «Տուրիզմում կա մի թեզ` պետք է գնաս, որ քո երկիրն էլ զբոսաշրջիկներ գան: Եթե գնում ես մի երկիր, ապա այնտեղ դու քո պատմությունն ես նաև պրոպագանդում: Տուրիզմը գլոբալ շարժում է և աշխարհի շատ երկրներ այսօր մտածում են մուտքի արտոնագրային ռեժիմը դյուրինացնել»,- ասաց Ա.Պետրոսյանը:
Փոխնախարարը նաև նկատեց, որ եթե մարդիկ նախընտրում են հանգստանալ արտերկրում, դա նշանակում է, որ ազգաբնակչության եկամուտներն աճում են: «Ուրախալի փաստ է, որ միջին խավը հնարավորություն ունի տուրիստական այցելություններ կատարել արտերկիր»,- ընդգծեց նա:
Ա.Պետրոսյանը նշեց նաև, որ ներքին զբոսաշրջությունը նույնպես աճում է. այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 13-14% -ի աճ: Փոխնախարարը նշեց, որ սոցիալական փաթեթը նույնպես խթանել է ներքին զբոսաշրջությունը: Հիշեցնենք, որ տարեսկզբից ներդրված սոցփաթեթի շրջանակում 120 հազար պետծառայողներ կարող են օգտվել նաև անվճար հանգստի հնարավորությունից:
Ըստ նրա` 10 հազար պետական ծառայողները իրենց հանգիստը կազմակերպել են Հայաստանում և Արցախում: «11 տուրիստական ընկերություններ սոցփաթեթի շրջանակում ծառայություններ են մատուցել: Համոզված եմ, որ այն ավելի մեծ զարգացում կունենա և ավելի շատ պետական ծառայողներ կօգտվեն այդ հնարավորությունից»,- ընդգծեց Ա.Պետրոսյանը: